«Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար». համաժողով Երևանում

Մարտի 13-ին Երևանում կայացավ «Հայացք դեպի արբիտրաժ. արդյունավետ միջոց բիզնեսի համար» խորագրով իրազեկության բարձրացման համաժողովը շահագրգիռ կողմերի համար։

Համաժողովը կազմակերպվել էր Եվրոպայի խորհրդի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից, Եվրոպայի խորհրդի «Աջակցություն Հայաստանում դատական ​​բարեփոխումների իրականացմանը» ծրագրի շրջանակներում:

Միջոցառման նպատակը Հայաստանում արբիտրաժի՝ որպես վեճերի լուծման այլընտրանքային կառուցակարգի վերաբերյալ տեղեկատվության ներկայացումն էր գործարար միջավայրին։ Ներկայացվեցին Հայաստանում գործող տեղական և միջազգային արբիտրաժային կառույցները, նրանց պրակտիկան, առկա մարտահրավերները, արբիտրաժի զարգացմանը խոչընդոտող գործոնները, դրանց հաղթահարման եղանակները և այլն:

Համաժողովին ներկա էին օտարերկրյան դիվանագետներ, բիզնեսի ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա էր Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։ Նա մասնավորապես նշեց. «Ուժ և ճկունություն. սրանք են այն երկու հատկանիշները, որոնք իրականում արբիտրաժը մղում են առաջին պլան կոմերցիոն գործարքներում»։

Սեմինարի հիմնական բանախոսներն էին «Ֆրեշֆիլդս Բրոկհաուզ Դերինջեր» ընկերության փաստաբան, Եվրոպայի խորհրդի միջազգային փորձագետ դոկտոր Մորից Կելերը և «Առլեքս Ինթըրնեշընլ» ՓԲԸ ավագ փաստաբան Թոմ Սամուելյանը:

Համաժողովի քննարկման առանցքային թեմաներն էին ՀՀ-ում գործող արբիտրաժի կենտրոնների և արբիտրաժի կազմապերպության առաջարկները, բիզնես համայնքի ակնկալիքներն ու արբիտրաժի կողմերի միջև վեճերը։

Եվրոպական արբիտրաժային պալատի ներկայացուցիչ, արբիտր, ELL Partnership իրավաբանական գրասենյակի հիմնադիր Տարոն Սիմոնյանը նշեց, որ արբիտրաժի զարգացումը Հայաստանում ուղղակիորեն պայմանավորված է Հայաստանում ներդրումների աճով, գործարարության զարգացմամբ և ընդհանրապես, տնտեսության ակտիվացմամբ։ Միևնույն ժամանակ նա նշեց. «Գործարարները պետք է օբյեկտիվ տեղեկատվություն ստանան արբիտրաժի տված հնարավորությունների, դրական և բացասական կողմերի, վեճերի լուծման դասական և այլընտրանքային կառուցակարգերի տարբերությունների վերաբերյալ։ Իսկ ԵԽ երևանյան գրասենյակի և ՀՀ արբիտրների ասոցիացիայի կողմից կազմակերպված այս միջոցառման հիմնական նպատակը հենց գործարարնրի շրջանում նման տեղեկատվության տարածումն էր»։