ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը, որով նա պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումը: Այսօրվա նիստի մեկնարկին ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը Վերաքննիչ բողոքի վերևաբերյալ «Իգլայի» մասով ասաց, որ ինքը միշտ ցանկացել է զենք նվիրել բանակին. «Մինչև էդ, բոլորի հայտնել էի ու բոլորը գիտեին, որ ես զենք եմ ուզում նվիրեմ»,-ասաց նա, հավելելով, որ ինքը 20 տարի ծառայել է Արցախյան բանակում և իր թոշակը ամբողջովին նվիրաբերել է բանակին:
Ամբաստանյալի խոսքից հետո մեղադրողը անցավ իր կողմից Վերաքննիչ բողոքի պատասխանի ներկայացմանը: Արամ Արամյանը իր խոսքում նշեց, որ Վերաքննիչ բողոքը չհիմնավորված է և ենթակա է մերժման: Մեղադրողը անդրադարձավ գործի երկու դրվագներին էլ՝ փողերի լվացման վերաբերյալ մեղադրողը հայտնեց, որ հեռախոսային գաղտնալսումները դրա մասին փաստում են, և նույնիսկ խոսք է գնում Ռուսաստանից «պաչկա-պաչկա» ուղարկելու վերաբերյալ:
«Փողերի լվացման դրվագով հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների ժամանակ պաշտպանական կողմը ասում էր, որ դրանք տաղտակներ գնելու համար են, հետո՝ ներկանյութեր: Ակնհայտ է եղել, որ Սամվել Բաբայանը իմացել է, թե նշված փողերը որտեղի՞ց են և ի՞նչ են իրենցից ներկայացնում»,- ասաց մեղադրողը:
Դատախազը նշեց, որ «Իգլան» ձեռք է բերվել Սամվել Բաբայանի ցուցումով և այն բոլորովին էլ բանակին նվիրաբերելու համար չէր. «Պաշտպանական կողմը, ինչպես առաջին ատյանում, այնպես էլ այստեղ հայտնեցին, որ ռազմամթերքը ցանկանում էին ձեռք բերել Արցախի համար, սակայն կամովի հրաժարվել են: Հեռախոսային խոսակցություններից երևում է, որ Սամվել Բաբայանը Սանասար Գաբրիելյանին հարկադրել է, որ հստակ Արցախի Նարիշտա գյուղում, հատուկ փաթեթավորմամբ թաղել, որպեսզի չփչանա»:
Այսպիսով, Արամ Արամյանը Վերաքննիչ բողոքը անհիմն համարեց և ասաց, որ մեղադրանքը հիմնավորված է. Վերաքննիչ դատարանը պետք է բողոքը մերժի՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դտարանի կողմից կայացված դատավճիռը:
«Ես գող չեմ ու որևէ մեկին չեմ թալանել: Դրանք իմ փողերն են եղել ու ես բազմաթիվ անգամ միջնորդել եմ քննել նաև այն մարդուն, ով ինձ պարտք էր: Ո՞վ է տուժողը, ումի՞ց եմ ես գողություն կատարել: Կարելի է ցանկացած հարցում «ստորակետ» գտնել և մարդուն մեղադրել»,-ասաց Սամվել Բաբայանը:
Դատարանն անցավ միջնորդությունների փուլ, այս փուլում միջնորդություն ուներ միայն Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը, ով միջնորդեց գործից առանձնացված մասով մեղադրյալ Ռոբերտ Աղվանյանին բերել դատարան և հարցաքննել: Մեղադրողը չառարկեց նշված միջնորդությանը, արդյունքում, դատարանը որոշեց միջնորդությունը բավարարել և վերջինիս դատարան հրավիրել:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին: