Դատախազը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազրկման

Երևանի ընդահնուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Սեֆիլյանի և մյուսների գործով դատավարությունը մտավ դատական վիճաբանությունների փուլ:

Մեղադրող դատախազ Հակոբ Ենոքյանը հրապարակեց  մեղադրական ճառը՝ նշելով, որ Ժիրայր Սեֆիլյանը ցանկացել է ստեղծել հանցավոր խումբ և զենքի գործադրմամբ  զավթել շենք-շինություններ:

Մեղադրող դատախազը դատավորին միջնորդեց ամբաստանյալներին ճանաչել մեղավոր առաջադրված մեղադրանքներում: Հակոբ Ենոքյանը պահանջեց Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել 11 տարվա ազատազկման: Ներսես Պողոսյանին՝ 4 տարի, Սասունիկ Կիրակոսյանին և Գևորգ Սաֆարյանին՝ 4 տարի 6 ամիս, Գալուստ Գրիգորյանին և Հրայր Թոփչյանին՝ 3 տարի, իսկ Հովհաննես Պետրոսյանին ազատազրկել 2 տարի ժամկետով:

Մեղադրող դատախազը Սեֆիլյանի համար մեղմացուցիչ հանգամանք նշեց խնամքի տակ մինչև 14 տարեկան երեխա ունենալը և Արցախի սահմանների պաշտպանությանն ակտիվ մասնակցությունը:

Դատախազի մեղադրական եզրակացության ընթերցման ավարտից հետո Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանը ծափահարեցին, իսկ Ներսես Պողոսյանը լսելով Հովհաննես Պետրոսյանի համար դատախազի բահանջած պատժի կրման չափը տեղից բղավեց՝ ‹‹Արդարացրեք արա՛, արդարացրեք››

Նշենք, որ նախքան մեղադրական ճառի հրապարակումը փաստաբան Տիգրան Հայրապետյանը դատարանին միջնորդեց նիստերի դահլիճ վերադարձնել ամբաստանյալ Գևորգ Սաֆարյանին, վերջինիս նկատմամբ նախորդ նիստի ժամանակ կիրառվել էր դատական սանկցիա՝ հեռացման ձևով: Ինչին ի պատասխան դատավորը հայտնեց, որ փաստաբանը նման միջնորդությամբ հանդես գալու իրավունք չունի, քանի որ չի համարվում Գևորգ Սաֆարյանի պաշտպանը:

Ժիրայր Սեֆիլյանն էլ լքեց նիստերի դահլիճը. ‹‹Դուք միշտ էլ զրկել եք, խանգարել եք և թույլ չեք տվել, որ մենք խոսենք: Սա դատարան չէ, դուք էլ դատավոր չեք, եթե Գևորգ Սաֆրայիանին չեք բերում ես լքում եմ նիստերի դահլիճը››:

Ամբաստանյալ Ներսես Պողոսյանն էլ դատարանին հայտնեց, որ ինքն էլ է պատրաստվում լքել նիստերի դահլիճը, եթե Սեֆիլյանն ու Սաֆարյանը չվերադարձվեն:

‹‹Թույլ տվեք թող էդ մարդիկ գան, իմանան խի են դատվում հարգելի դատարան: Մենք էլ կարող ենք դատի չգալ, վերջում տեսագրությունը վերցնենք և նայենք, էլ խի՞ ենք գալիս հասնում ստեղ: Էս 2 տարիա բռնված ենք, հասկացանք կարգն է դա, բայց մեր համար ոչ մի կարգ չկա:  Ես էլ ինքնասիրություն ունեմ չեմ մնում, չուզենալով դուրս եմ գալու››,- իր խոսքում նշեց Ներսես Պողոսյանը:

Այնուհետև Տիգրան Հայրապետյանը միջնորդեց վերանայել Սեֆիլյանի նկատմամբ կիրառված սանկցիան և նրան հնարավորություն տալ, որպեսզի մասնակցի դատական նիստին:

Միջնորդությանը միացան մյուս պաշտպանները, իսկ մեղադրող կողմը չառարկեց դրա դեմ, արդյունքում դատարանը որոշեց Ժիրայի Սեֆիլյանին և Գևորգ Սաֆարյանին վերադարձնել նիստերի դահլիճ:

Փաստաբան Արայիկ Պապիկյանն էլ այսօրվա նիստի ժամանակ դատարանին հայտնեց, որ ինքն ու իր գործընկերները առաջիկա շաբաթում պատրաստվում են գործադուլ իրականացնել, և հաջորդ նիստին չեն կարողանա ներկայանալ:

Հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 23-ին:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել: