Քրեական օրենսգիրքը ծանրաբեռնվել է, վերանայվելու ու վերամշակվելու կարիք ունի. Արծրուն Բադալյան

Քրեական օրենսգրքի նախագծում սպասվող փոփոխությունների, լրացումների և բացթողումների, մասին Legalinfo.am-ը զրուցել է փաստաբան Արծրուն Բադալյանի հետ:

– Սույն թվականի հոկտեմբերի 24-ից հանրային քննարկման է դրվել Արդարադատության կողմից մշակված ՀՀ Քրեական նոր օրենսգիրքը: Ձեր կարծիքով,  կա՞ր, արդյոք,  Քրեական օրենսգիրքը փոխելու անհրաժեշտություն:

-Հաշվի առնելով դատական պրակտիկան, առկա խնդիրները` Քրեական նոր օրենսգրքի կարիքը կար, քանի որ` թե նախադեպային որոշումներով, թե բազմաթիվ դատական ակտերով, մեկնաբանություններով՝ դատավորները, փաստաբանները փորձել են տարբեր լուծումներ տալ հանցակազմերին, դրա որակյալ մասերին և այլն: Իհարկե, 2003 թվականից հետ, նոր օրենսգրքի ընդհունման անհրաժեշտությունը կար, որովհետև բավականին ժամանակ է անցել, և բավականին հանցակազմեր իրենց արդիականությունը ոչ միայն կորցրել են, այլև նորերն են ի հայտ եկել: Ճիշտ է, անալոգիա են անում, փորձում են հները նմանեցնել նորերին, սակայն դրանք լրիվ այլ հանցակազմեր են: Օրինակ՝ նոր Քրեական օրենսգրքի նախագծում ունենք Ֆինանսական բուրգ ստեղծելու հանցակազմը, որն այս ժամանակի համար շատ արդիական է:

-Իրավական ակտերի նախագծերի հրապարակման   միասնական կայքում քվեարկում են հիմնականում իրավաբանները կամ գոնե հետաքրքրված անձինք։ Քրեական Օրենսգրքի նախագծին 80% դեմ է քվեարկված։ Ի՞նչ եք կարծում, ի՞նչն է պատճառը՝ փոփոխություններին դեմ լինելու:  

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում Քրեական օրենսգրքի նախագծի մեկնաբանություններն ուսումնասիրելիս՝ երևում է, որ առանձին հատվածներին են վերաբերվում քննադատությունները. դրանից ենթադրել, որ այդ բոլորը դեմ են Օրենսգրքին՝ մի քիչ սխալ կլինի, նույնը նաև կողմ հատվածի վերաբերյալ կարող եմ ասել: Այդ ամեն ինչն ավելի շատ սուբյեկտիվ  մոտեցում է: Միանշանակ ասել, որ դեմ ես կամ կողմ ես՝ շուտ է: Քվեարկությունը, իմ կարծիքով, ավելի շատ մակերեսային է, քան խորը ուսումնասիրություն:

-Գործող  Քրեական  օրենսգիրքն ի՞նչ  բացթողումներ ունի, որոնք լրացվում են  Նախագծում:   

-Ամենաշատը ողջունելի է իրավաբանական անձանց պատասխանատվության հարցը. չենք ունեցել ու դրա կարիքն էլ ունեինք․ տնտեսվարող սուբյեկտների շրջանում չարաշահումները, գնումների հրապարակային սակարկությունները վկայում էին, որ այդ ոլորտում չարաշահումներ շատ կան: Նշեմ նաև ֆինանսական բուրգի հանցակազմի դեպքերում չարաշահուներ ևս շատ կային՝ կեղծ գովազդների, անբարեխիղճ գովազդի ոլորտում․ ուստի դրա կարիքը ունեինք, որ իրավաբանական անձը պատասխանատվություն կրեր, ոչ թե ֆիզիկական անձը:

-Նախագծի 131-րդ հոդվածով նախատեսված է իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող պատիժների համակարգը: Մասնավորապես՝ իրավաբանական անձի նկատմամբ կարող են նշանակվել հետևյալ պատիժները՝ տուգանք, հարկադիր լուծարում, ՀՀ տարածքում գործունեություն իրականացնելու արգելք:  Միջազգային փորձից երևում է, որ  ներառվել են նաև կանխարգելիչ բնույթի պատժատեսակներ ՝ վարչական կամ դատական հսկողություն: Նախագծում իրավաբանական անձանց նկատմամբ նշանակվող պատժամիջոցների ցանկն ընդլայնելու հարցի անհրաժեշտություն կա՞:   

-Ես կարծում եմ, որ մինչև քրեական ոլորտ մտցնելը պետք է նախ Վարչական ոլորդում դա լուծվի, որովհետև մեկ այլ բան է տնտեսությունը, մեկ այլ բան՝ քրեական պատասխանատվությունը: Վարչական պատասխանատվությունը այնքանով է իրեն արդարացնում, որ զանցանքը դեռևս չի հասել այն մակարդակին, որ դառնա հանցագործություն։ Այսինքն՝ մեկ բան է տնտեսվարող սուբյեկտի գործունեությանը վարչական մարմնի միջոցով միջամտելը, որը որ կարող է շատ ավելի արդյունավետ լինել, քան միանգամից բերել և մտցնել քրեական պատասխանատվության տակ:  

Միջազգային փորձն էլ հաշվի առնելով՝պետք է սկզբից վարչական մարմնի ներգործությունը, հետո նոր քրեական պատասխանատվությունը: Ես չեմ կարծում, որ անբարեխիղճ գովազդի համար միանգամից պետք է տանել քրեական պատասխանատվությամբ գործունեությունը կասեցնելուն: Կանխարգելիչ միջոցառումն իրականացնելը շատ ավելի ճիշտ կլինի:

-Գործող օրենսգրքով ավազակության համար նախատեսվում էր 3-6 տարի ազատազրկում՝ երբեմն նաև գույքի բռնագանձմամբ: Իսկ օրենսգրքի նախագծով՝ ազատազրկման ժամկետները մեկական տարով կրճատվել է 2-5 տարի, հանվել է նաև գույքի բռնագրավման հատվածը: Այս բնույթի փոփոխությունները, ինչո՞վ են պայմանավորված:

-Հիմա գողության  մինիմալի շեմն էլ են բարձրացրել․ եթե այն ժամանակ 5000 դրամ էր վնասի մինիմումի շեմը, հիմա բարձրացել են 10 00 դրամ: Եթե ձեր դրամապանակը հափշտակել են, իսկ վերջինիս պարունակությունը չի հասնում 10 000 դրամի՝ անձը պատասխանատվության չի ենթարկվում: Եթե ձեր դրամապանակի գինը գերազանցում է վերոնշյալ գումարի շեմը՝ անկախ նրանից, վերջինիս մեջ գումար կա, թե՝ ոչ, համապատասխան փորձաքննություն է նշանակվում, ապացուցվում է դրամապանակի գինը, ապա դա քրեորեն հետապնդելի է դառնում:

-Ի՞նչ կավելացնեիք կամ գուցե փոխեիք ՀՀ Քրեական օրենսգրի Նախագծում,  որպես իրավաբան, ադարադատությունը զարգացնելուն միտված:  

-Նորամուծությունները ողջունելի են և պետք է լինեին,  բայց, իմ կարծիքով, Քրեական օրենսգիրքը՝ նախագծի համաձայն՝ ծանրաբեռնվել է․ ավելորդ շատ բաներ ունենք, որոնք որ վերանայելու ու վերամշակելու կարիք ունեն: Փոփոխությունների մասով՝ շատ բան կանեի, եթե իհարկե ժամանակս թույլ տար: Օրինակ՝ մասնավոր կաշառք ստանալու և տալու հանցակազմերում որպես սուբյեկտ նշել են նաև փաստաբաններին. մասնավոր ոլորտում՝ փաստաբանին կաշառք տալ, կաշառք առաջարկելը, նրա կողմից ստանալը, անհասկանալի է: Փաստաբանը, որպես կաշառք ստացող սուբյեկտ ինձ համար անընդունելի է: Եթե ինչ-որ մեկը քեզ կաշառք է առաջարկում, վերջ՝ քեզ քրեական պատասխանատվության են ենթարկելու․ դրա համար ես փաստաբանների պատասխանատվության հարցը կհանեի Օրենսգրքից: Որպես կաշառք ստացող սուբյեկտ նշված է՝ կառավարիչ, բայց ո՞վ է այդ կառավարիչը՝ բանկի կառավարիչն է, թե՞ սնանկության գործով կառավարիչը. պետք է հստակեցնել:

-Որոշ տնտեսական հանցագործությունների համար նախատեսվող տուգանքը նախկին նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից-երեքհարյուրապատիկի չափից նվազեցվել է մինչև քսանապատիկից-երեսնապատիկի չափով, օրինակ, համակարգչի միջոցով կատարված հանցագործության դեպքում: Տուգանքի նվազեցումը արդյո՞ք  նշանակում է, որ քաղաքացիները նախկինում ի վիճակի չեն եղել վճարել նման գումարներ:  

Եթե այդ տեսանկյունից նայենք՝ ինչու էր նախկինում ավելի շատ, ապա տրամաբանույթունն ինձ համար էլ է անհասկանալի, որովհետև նույն համակարգչային հանցագործության համար կարող է  որպես տուժող ճանաչվել բանկը, որոշ դեպքում, երբ  վնասը փոքր չափ է կազմում՝ կտուգանվեն, իսկ եթե    առանձապես խոշոր չափի է, արդեն 2-3 տարի ազատազրկման կդատապարտվի՝ հետո 2 տարի կապրեն բանտում, կամ պայմանականով կազատվեն ու որոշակի վնաս կհատուցեն: Ինձ համար անտրամաբանական են վնասի չափերն ու պատիժները: ՏՏ ոլորտի զարգացած վիճակն ու աճի տեմպերը հաշվի առնելով՝ պետք է այդ հանցագործությունները խստացվեն, որովհետև ինչքան զարգանում է, այնքան մեր պաշտպանվածությունը թուլանում է:

-ՀՀ Քրեական օրենսգրքի փոփոխությունը ի՞նչ արդյունքի կհանգեցնի:  

-Խորհրդարանական կարգի անցնելուց հետո բազմաթիվ  օրենքներ ու օրենսգրքեր են փոփոխվում: Նույն Դատական օրենսգիրքն է փոփոխվում, դատավորների քանակը,  դատավորների կազմակերպչական ձևերը․ հիմա արդեն  պետք է դառնա մեկ Քրեական  դատարան Երևանի համար: Քրեական նոր օրենսգիրքն էլ կբերի պրակտիկայի հետ կապված նոր խնդիրներ: Փորձը ցույց է տաիս, որ ցանկացած Օրենսգիրք, եթե մտնում է օրինական ուժի մեջ, առաջիկա 2-3 տարին կիրառման հետ կապված՝  խնդիրներ են լինում, այսինքն՝ մեկ բան է տեսականորեն նախատեսելը, մեկ այլ բան՝  պրակտիկ կիրառել: Այս Օրենսգրքի արդյունավետության վերջնական գնահատականը կերևա պրակտիկայի ընթացքում: Հիմա պնդել, թե սա սխալ օրենսգիրք է կամ անդառնալի հետևանքների կբերի՝ միանշանակ չենք կարող ասել։ Իր հետ խնդիրներ է բերելու, նոր լուծումներ, իսկ նոր լուծումները բերելու են նոր դատական ակտերի:

Մեկնաբանություններ