«Վաչեն սառը մարդ էր, բայց այդ օրը ո՛չ խոսում էր, ո՛չ շփվում». Կուրսանտի սպանության գործով վկան ցուցմունք տվեց

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով հարցաքննվեց վկա Էրիկ Եղիկյանը:

Վերջինս դատարանում հայտնեց, որ ամբաստանյալների հետ գտնվում է ծառայողական հարաբարեությունների մեջ: Նկարագրելով ամբաստանյալներին, վկան հայտնեց, որ նրանցից ավելի շատ շփվել է Վաչե Սահակյանի հետ, որը բոլոր կուրսանտների հետ ունեցել է նորմալ հարաբերություններ, իսկ Գնել Թևոսյանը անընդհատ կռիվների մեջ էր մեկ այլ կուրսանտի՝ Տիգրան Մանասարյանի հետ, և հաճախ էր բացակայում դասերից: Անդրադառնալով Մովսես Ազարյանին վկան հայտնեց, որ նա եղել է սերժանտ, սակայն վատ սովորելու համար զրկվել  է սերժանտի կոչումից:  Իսկ Հայկազ Բարսեղյանին նկարագրեց որպես համեստ, լավ սովորող երիտասարդի:

Խոսելով կատարված դեպքի մասին Եղիկյանը հայտնեց, որ հունվարի 29-ի առավոտյան 06.30-ի սահմաններում իրենց սենյակ է եկել Սամվել Սերոբյանը և  ամբաստանյալ Վաչե Սահակյանին կանչել է Հայկազենց սենյակ:

«Սամվելը խառնված էր, մտավ սենյակ և Վաչեին ասաց արի տես ինչ է եղել:  Մենք բոլորս գնացինք այնտեղ և տեսանք, որ Հայկազի սավանն ու մատրասը արյունոտ է: Վաչեն սառը մարդ էր, բայց այդ օրը ո՛չ խոսում էր, ո՛չ շփվում»,- ասաց նա:

Վկայի խոքերով դրանից հետո գնացել են Հայկազին փնտրելու, որից հետո լսել են բղավոցներ և գնացել  մարզահրապարակ: Վկան նշեց, որ Հայկազին ինքը տեսել է 20-30 մետր հեռավորության վրա՝ բարձր պտտաձողից կախված վիճակում:

«Հայկազն առանց կողմնակի անձանց օգնության չէր կարողանում կախվել և վարժություններ անել այդ պտտաձողից»,- ասաց նա:

Պատասխանելով իրեն ուղղված հարցերին վկան հայտնեց, որ հունվարի 28-ին ինքը 10:30-ի սահմաններում գնացել է քնելու և այդ ընթացքում չի արթնացել, սակայն  չի հիշում Վաչեն եղել է ննջարանում այդ ժամանակ, թե ոչ:

Խոսելով ամբաստանյալների և Հայկազի միջև եղած հարաբերությունների մասին, վկան հայտնեց, որ Հայկազը Վաչեի հետ համեմատաբար ավելի լավ հարաբերություններ ուներ, քան մյուս ամբաստանյալների հետ:

«Գնելի հետ վիճաբանություն հիմնականում լինում էր այն ժամանակ, երբ Հայկազը ուշանում էր շարք կանգնելուց: Գնելը խոսում էր Հայկազն էլ պատասխանում էր, որ ննջարանում է եղել, չի հասցրել գործերն ավարտի դրա համար է ուշացել»,- հայտնեց նա:

Վկան նաև պատմեց, որ միջադեպ է եղել Հայկազի և կուրսանտներից Կարեն Բաղրամյանի միջև, որին միջամտել է Վաչե Սահակյանը. «Հայկազը Կարենին նկատողություն է արել ուտելու համար, ճաշից հետո Վաչեն և Հայկազը գնացել են խոսելու»:  Այնուհետև խոսակցությունը շարունակվել է երեկոյան, որին ներկա է եղել նաև ինքը:  Վաչեն հարցրել է, թե ինչ է եղել, իսկ իրենք` մի քանի հոգով, պատասխանել են, որ Կարենը «ճպճպացնելով» է ուտում, ինչը իրենց դուր չի գալիս:

«Վաչեն հիմնականում Հայկազին էր հարց տալիս, բայց մենք տղաներով ասում էինք, որ տհաճ է»,- ասաց նա:

Վկայի խոսքերով նախքան ճաշարանում կատարված միջադեպը Հայկազն ու Կարեն Բաղրամյանը վիճել են նաև ննջարանում, որից հետո ինքը նկատել է, որ Հայկազի շրթունքը վնասված է :

Էրիկ Եղիկյանը նաև հայտնեց, որ տղաներից լսել է, որ Հայկազը ցանկացել է ինքնասպանություն գործել. «Վարդանյան Գևորգն ասաց, որ Հայկազն ասել է, որ եթե մի բան լինի, և ինքը վաղն այստեղ չլինի, կարող են իր շորերը վերցնել»,- իր խոսքում նշեց նա:

Վկայի հարցաքննությունից հետո հրապարակվեց նրա նախաքննկան ցուցմունքները, քանի որ մեղադրող կողմը հակասություններ գտավ նախաքննական և դատաքաննական ցուցմունքների միջև:

Նշենք, որ նախաքննական ցուցմունքում վկան հայտնել էր, որ ամբաստանյալներից Մովսես Ազարյանն իրեն լպիրշ ու լկտի էր պահում, իրեն լավ տղա էր ձևացնում և Վաչեի թևի տակ ինչ ուզում անում էր: Այս հանգամանքը բարկացրեց Մովսես Ազարյանի պաշտպանին, վցերջինս դատարանին հայտնեց, որ այս նույն նախադասությունը՝ Մովսեսի մասին, քննիչը «քոփի» արած դրել է մյուս վկաների ցուցմունքներում:

Վկա Էրիկ Եղիկյանն էլ հայտնեց, որ պնդում է իր նախաքննկան ցուցմունքը:

 Քանի որ այլ վկաներ չէին ներկայացել դատարան նիստը հետաձվեց:

Հաջորդ դատական նիստը կկայանա հուվարի 15-ին:

Հիշեցնենք, որ  2015 թվականի հունվարի 29-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանին առավոտյան հայտնաբերել են մարզահրապարակում` պտտաձողից պարանով  կախված վիճակում: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք  2015թ. հունվարի 29-ին ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձին դաժանությամբ, վերը նշված անձանցով, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադիի Բարսեղյանին:

Իսկ Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով ՀՀ Պն 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին ժամը 21.00-ի սահմաններում նույն մարտկոցի կուրսանտ Տ.Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով խախտելով ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդված. ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայող Արտուշ Սիմոնյանին: