«Մենք կամիկաձեների միություն չենք, մենք նորմալ իրավաբանների, ինտելեկտուալ մարդկանց միություն ենք». Արա Զոհրաբյան

Ինչպես Փաստաբանական պալատի, այնպես էլ դատախազության առաջարկները կառավարությունը հաշվի չի առել և առաջին ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունվել է նոր Դատական օրենսգիրքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը:

«Որոշ օրինագծեր քննարկման են դրվում առանց Փաստաբանների պալատի կարծիքը հաշվի առնելու: Մենք պահանջում ենք ԱԺ-ից որպեսզի մասնագիտացված կառույցների հետ քննարկում կազմակերպեն այս կարևոր օրինագծի վերաբերյալ: Չի կարելի դատական օրենսգիրք ընդունել հաշվի չառնելով Փաստաբանների պալատի կամ դատական համակարգի կարծիքները»,- ասաց նա:

Վերջինիս կարծիքով այս ճանապարհով փորձում են Փաստաբանների պալատին դուրս հանել խաղից և անմիջական ազդեցություն ունենալ փաստաբանի վրա. «Երբ պետական մարմինը տեսնում է, որ մի կառույցի միջոցով հնարավոր չէ ինչ-որ մի բան կարգավորել, ինքը սկսում է շրջանցել այդ կառույցին: Որևէ կառույց չի կարող Փաստաբանների պալատին ճնշել»:

Արա Զոհրաբյանը նաև հայտնեց, որ իրենք ունեն սահմանափակ ռեսուրսներ և այդպիսի կարճ ժամանկահատվածում հնարավոր չէ նման ծավալուն օրինագծերի վերաբերյալ առաջարկներ կազմել՝ դրանց համար անհրաժեշտ է ժամանակ:

ՓՊ նախագահը անդրադարձավ դատական օրենսգրքի այն կետին, որով դատավորը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել մինչև 100 հազար դրամ տուգանք:  Վերջինս նշեց, որ նման պարագայում  անբարեխիղճ դատավորներից պաշտպանվելու  երաշխիքներ չկան:

«Եթե փաստաբանը իր մասնագիտական պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրություն ցույց տա  դատավորի ոչ օրինական գործողություններին, դատավորը հանգիստ կարող է նրան նախազգուշացնել, այնուհետև կիրառել դատական տուգանք: Ստացվում է այն, որ որոշ փաստաբաններ կարող են 1 դատական նիստի ընթացքում ունենալ 1 միլիոն դրամը գերազանցող տուգանքներ: Պատկերացրեք փաստաբան, որը մի քանի անգամ առարկում է դատավորի անօրինական գործողությունների դեմ, մի քանի անգամ ստանում է տուգանք, որից հետո այդ տուգանքը ստանալու որոշումը սկսում է իրագործվել և հաշիվների, գույքի վրա արգելք է դրվում: Հաջորդ անգամ փաստաբանը կարող է կաշկանդվել, իսկ տուգանքների մի մասից հետո կարող է ընդհանրապես չխոսել»,- ասաց նա:

Արա Զոհրաբյանի կարծիքով այս կերպ վնաս է հասցվում փաստաբանի մասնագիտական անկախությանը, քանի որ փաստաբաններից շատերը կարող են ընկճվել. «Վերջում կունենանք սնանկ ճանաչված փաստաբաններ, որոնք չեն ունենա իրենց անունով գույք և կընկնեն պարտքերի տակ: Մենք կամիկաձեների միություն չենք, մենք նորմալ իրավաբանների, ինտելեկտուալ մարդկանց միություն ենք»:

Վերջում ՓՊ նախագահը հայտնեց, որ Պալատում արդեն կազմակերպվել է  քննարկում և փաստաբանները շատ վճռական են տրամադրված:

«Մենք փորձելու ենք քննարկման միջոցով այս հարցը կարգավորել, եթե մեզ հետ այս հարցը չքննարկեն՝ արհամարհեն, մենք նույնպես համարժեք միջոցներ կձեռնարկենք»,- ասաց նա:

Հավելենք, որ դեկտեմբերի 21-ին առաջին ընթերցմամբ ԱԺ-ի կողմից ընդունվել է  նոր Դատական օրենգիրքը, որի համաձայն առաջարկվում է փաստաբանների նկատմամբ, որպես դատական սանկցիա նշանակել տուգանք՝ մինչև 100 հազար դրամի չափով: Այս որոշումը առաջացրել է փաստաբանների դժգոհությանը:

Մեկնաբանություններ