ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։
Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայանին կից սրահում առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակոց է արձակել 1997թ. ծնված Լ.Գաբրիելյանի աջ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք, և դիմել փախուստի:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ, Լ.Գաբրիելյանը ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքի հիշողության քարտը, հարցաքննվել բազմաթիվ անձինք:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է և հանդիսանում է նշված բենզալցակայանի հաճախորդ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատաքիմիական համալիր և տեսաձայնագրային փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: