4 աշխատանքային և 2 սեռական շահագործման դեպքեր․ թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքար

1. ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ և 132.2-րդ հոդվածներ` «Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը» և «Երեխայի կամ հոգեկան խանգարման հետևանքով իր արարքի բնույթն ու նշանակությունը գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձի թրաֆիքինգը կամ շահագործումը» 

2017թ. ընթացքում վարույթ է իրականացվել մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով 17 քրեական գործերով:
Տարվա ընթացքում մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հատկանիշներով հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը` վերաբերում են կանանց պոռնկության շահագործմանը, 6-ը` աշխատանքային շահագործմանը: Պոռնկության շահագործման 3 դեպքերից 1-ը ներքին սեռական շահագործման դեպք է 2-ը՝ արտաքին, որոնցից մեկով շահագործումը իրականացվել է ԱՄԷ-ում, մյուսով Թուրքիայիում: Աշխատանքային շահագործման 6 դեպքերից 4-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են /ՌԴ, Վրաստան/:
Տարվա ընթացքում հարուցված 9 քրեական գործերից 1-ը կարճվել է, իսկ 2-ը վերաորակվել են ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ և 333-րդ հոդվածների հատկանիշներով: Մնացած 6 գործերից 4-ը աշխատանքային, 2-ը սեռական շահագործման դեպքեր են: Դրանցից 3-ը ներքին 3-ը արտաքին շահագործման դեպքեր են: Աշխատանքային շահագործման 4 դեպքերից 2-ը ներքին, 2-ը արտաքին շահագործման դեպքեր են /ՌԴ, Վրաստան/: Սեռական շահագործման 2 դեպքերից 1-ը արտաքին /ԱՄԷ/, 1-ը՝ ներքին շահագործման դեպք է:
Նշված 6 գործերով հայտնաբերվել և տուժող է ճանաչվել 12 անձ, որոնցից 4-ը՝ կին 4-ը՝ անչափահաս:

2. ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդված` «Խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքը կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքը»

ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի հատկանիշներով 2017թ. ընթացքում բացահայտվել է հանցագործության 1 դեպք:

3. ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ և 262-րդ հոդվածներ` «Շահադիտական նպատակով այլ անձի պոռնկությամբ զբաղվելուն ներգրավելը» և «Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը»

ՀՀ քրեական օրենսգրքի 261-րդ, 262-րդ հոդվածների հատկանիշներով հայտնաբերվել է հանցագործության 21 դեպք:

Բացի այդ, 2017թ. ընթացքում ՀՀ ոստիկանության կողմից իրականացվել են նաև թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտի բարելավմանն ուղղված միջոցառումներ:
Շարունակվել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեպքերի, ինչպես նաև նշված հանցագործությունները կատարելու մեղադրանքով միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց վերաբերյալ ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ի միջոցով Թուրքիայի, ԱՄԷ-ի, Չինաստանի և Վրաստանի իրավապահ մարմինների հետ համագործակցությունը:
Ոստիկանության աշխատակիցներն ակտիվ մասնակցություն են ունեցել տեղական և միջազգային խորհրդաժողովներին, սեմինարներին և հանդիպումներին:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման վերաբերյալ բնակչության՝ հատկապես երիտասարդության իրազեկության, իրավագիտակցության մակարդակի բարձրացման, վերջիններիս կողմից, ինչպես նաև նրանց նկատմամբ կատարվող հանցագործությունները և այլ իրավախախտումները նախականխելու, նրանց շրջանում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողներն իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքների դպրոցներում պարբերաբար կազմակերպել և անցկացրել են հանդիպումներ, զրույցներ: Հանդիպումների ընթացքում բացատրվել են շահագործման, թրաֆիքինգի վտանգները և դրանից խուսափելու ճանապարհները:
Անչափահասների շրջանում մուրացկանության և թափառաշրջիկության դեպքերը նախականխելու, վերջիններիս մուրացկանության մեջ ներգրավող անձանց հայտնաբերելու, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ԱԳ ծառայության աշխատակիցների կողմից մուրացիկ և թափառաշրջիկ անչափահասների շրջանում իրականացվող աշխատանքները բարելավելու նպատակով 2017թ. տեղերին է ուղարկվել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի թիվ 3-Ց ցուցումը, որի պահանջների համաձայն 2017թ. անցած ժամանակահատվածի ընթացքում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա ստորաբաժանումների և ՀՀ ոստիկանության մարզային վարչությունների կողմից պարբերաբար անցկացվել են ստուգայց-շրջագայություններ Երևան քաղաքում և ՀՀ մարզերում, որի ընթացքում համագործակցություն է իրականացվել տեղական ինքնակառավարման մարմինների, շահագրգիռ կառույցների և հասարակական կազմակերպությունների հետ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնին կից գիտական խմբակի 09.06.2017թ. նիստում կազմակերպվել է մարդկանց թրաֆիքինգին և շահագործմանը վերաբերող ուսումնական ֆիլմի դիտում, որից հետո գիտական խմբակի անդամ սովորողների միջև անցկացվել է քննարկում-բանավեճ թրաֆիքինգի և շահագործման պատճառների և պայմանների վերհանման, վիկտիմոլոգիական կանխարգելման և նշված հանցատեսակի քրեաիրավական գնահատականի վերաբերյալ:
ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ակադեմիայի իրավագիտության ֆակուլտետի քրեական իրավունքի և քրեաբանության ամբիոնի կողմից կրթահամալիրի վերապատրաստման ֆակուլտետում 2017 թվականի հունվարից հունիսն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության ավագ և միջին խմբերի պաշոններ զբաղեցնող ծառայողների համար դասավանդվել է «Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման քրեաիրավական բնութագիրը» թեման:
Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ արդյունավետ պայքարի նպատակով 2017թ. շարունակվել է համագործակցությունն օտարերկրյա իրավապահ մարմինների ու մասնագիտացված միջազգային կազմակերպությունների հետ:
2017թ. հաշվետու ժամանակահատվածում ՀՀ ոստիկանությունում հանդիպումներ է կայացել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ծրագրերի իրավական հարցերով խորհրդատուի գլխավորած պատվիրակության հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարն ու այդ ոլորտում իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:
Ակտիվ մասնակցություն է ցուցաբերվում ԱՊՀ մասնակից պետությունների տարածքում Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի համակարգման Բյուրոյի կողմից իրականացվող միջոցառումներին: Ի կատարումն հանցավորության դեմ պայքարի 2014-2018թթ. համատեղ միջոցների միջպետական ծրագրի 2.1.10 կետի, համաձայնեցված կանխարգելիչ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների և հատուկ գործողությունների անցկացման 2014-2018թթ. պլան-գրաֆիկի համաձայն, 2017թ. հունիս ամսին հանրապետության տարածքում անց են կացվել կանխարգելիչ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ մարդկանց առևանգման, թրաֆիքինգի, ինչպես նաև օրգանները և հյուսվածքները վերցնելու հետ կապված հանցագործությունների հակազդման ուղղությամբ:
ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի դեմ տարվող պայքարի և դրա արդյունքների մասին, ինչպես նաև հասարակության իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ոստիկանության ծառայողները մասնակցել են «Հ1», «Արմենիա», «Արմնյուզ», «Ար», «1AM» հեռուստաընկերությունների և լրատվական կայքէջերի լրագրողների կողմից պատրաստված՝ մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հիմնահարցերին և դրա դեմ պայքարին նվիրված հաղորդումներին:
Հասարակության իրազեկումը բարձրացնելու նպատակով «police.am» կայքէջում առանձին հղումով ստեղծված թրաֆիքինգին վերաբերող հավելվածում շարունակվել է թրաֆիքինգի վերաբերյալ համապատասխան նյութերի տեղադրումը:

Մեկնաբանություններ