ՊՊԾ գնդի գրավումից 1 տարի անց. Կալանավորված քաղաքացիները շարունակում են մնալ անորոշ կալանքի տակ

Հուլիսի 17-ին լրացավ «Սասնա Ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավման 1 տարին: Խմբավորման 31 անդամները զինված հարձակում էին գործել գնդի վրա` պատանդ վերցնելով նաև ոստիկանների: Գնդի գրավման ժամանակ եղան զոհեր և վիրավորներ: Փոխրաձգության հետևանքով զոհվել են ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանը և  ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:  Խմբավորման անդամները պահանջում էին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը և քաղբանտարկյալներ ` Ժիրայր Սեֆիլյանի, Վոլոդյա Ավետիսյանների, Գևորգ Սաֆարյանի, Շանթ Հարությունյանի և ընկերների ազատ արձակումը:

Այդ օրերին պարբերաբար հավաքներ սկսեցին Խորենացի փողոցում և Սարի թաղում: Հուլիսի 19-ին բախումներ տեղի ունեցան բնակիչների և ոստիկանների միջև: Շատ քաղաքացիներ և լրագրողներ ենթարկվեցին բռնությունների: Այդ օրերին տեղի ունեցան նաև զանգվածային ձերբակալություններ:

Ոստիկանների և քաղաքացիների բախումների հետևանքով կալանավորվել է 10 բնակիչ: Այդ բնակիչներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով` իշխանության ներկայացուցչի նկատմամաբ բռնություն գործադրելը:

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի խոսքերով Հուլիսի 19-ին Սարի թաղում տեղի ունեցած միջատեպը կրել է կենցաղային  բնույթ.

«Բնակիչները դուրս են եկել  ոչ թե իրենց աջակցությունը հայտնելու կամ չհայտնելու տեղի ունեցած իրադարձություններին, այլ ընդամենը իրենց մտահոգությունն էին արտահայտում այն հանգամանքի շուրջ, որ 2 օր էր ինչ  զրկված են  մինիմալ կենցաղային  պայմաներից, չունեն հոսանք, գազ: Այդ ժամանակ անգամ տրանսպորտ չէր գործում Սարի թաղում»,- ասաց փաստաբանը:

Փաստաբանի հավաստմամաբ արդեն 1 տարի է ինչ քրեական գործը հարուցվել է և քննվում է, սակայն  այս մեկ տարվա ընթացքում առաջադրված մեղադրանքներից  դեռևս որևիցե մեկին հասկանալի չէ, թե այդ 10  անձանցից  որևիցե մեկը կոնկրետ ինչ գործողության համար է մեղադրվում: Բոլորին առաջադրված է մեղադրանք, որ մի խումբ անձանցով` քարերով, ոտքերով  բռնություն են գործադրել։ Սակայն ամբողջ խնդիրը նրանում է, որ նրանցից յուրաքանչյուրին հստակեցված չէ մեղադրանքը, այսինքն մեղադրյալներից որևիցե մեկը չգիտի, թե իր կոնկրետ ո՞ր գործողությունն է բերել իրեն այդ մեղադրանքին:

«Եթե իրավապահ մարմինները կոնկրետ անձին մեղադրեին  իր կատարած կոնկրետ  գործողության համար, գուցե քաղաքացին ասեր, որ ինքը կատարել է այդ գործողությունը»,- ասաց փաստաբանը:

Լիպարիտ Սիմոնյանը նաև հայտնեց, որ ոստիկանության հետ տեղի ունեցած միջատեպը տեսաձայնագրվել է, և այդ տեսաձայնագրության մեջ ոչ թե գործողություններ կատարող անձինք են կալանավորվել, այլ երևացող անձինք:

«Անկախ նրանից տվյալ անձը գործողություն կատարում է, թե չի կատարում, նրան կալանավորել են: Հատկանշական է նաև, որ հարցաքննված անձանցից որևէ մեկը ամբաստանյալներին չի ճանաչում, որպես իրենց նկատմամաբ բռնություն գործադրող »,- ասաց փաստաբանը:

Վերջում Լիպարիտ Սիմոնյանը հավելեց, որ տղաները այս պահին գտնվում են անորոշ կալանքի տակ, և, եթե առաջադրված մեղադրանքը դատարանի կողմից հաստատվի, ապա նրանց սպառնում է 5-10 տարվա ազատազրկում: Այժմ գործը գտնվում է դատարանում` դատաքննության փուլում, իսկ դատական նիստերը տեղի են ունենում մեծ ընդհատումներով:

Սարի թաղի կալանավորված բնակիչ Էդուարդ Զեյթունյանի կնոջ` Լալա Բեռնեցյանի խոսքերով Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում այնպիսի պայմաններ են ստեղծում կալանավորների համար, որ հնարավոր է նրանք ստիպված մեղադրանքն ընդունեն, միայն թե այդ պայմաններից դուրս գան.

«Սակայն ինչը վերաբերում է այս գործին, ապա դա բացառվում է: Նրանք երբեք մեղքն իրենց վրա չեն վերցնի, քանի որ նման բան չեն արել»,-ասաց տիկին Բեռնեցյանը:

Իսկ կալանավորված բնակիչ Հրաչ Բոյաջյանի կինը`  Նարինե Ղազարյանը հայտնեց, որ նորից բողոքի ակցիա կկազմակերպեն, քանի որ այս կերպ այլևս չեն կարողանում ապրել:

Նշենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման անդամները հանձնվելուց հետո ձերբակալվել են և նրանց նկատմամաբ առաջադրվել է մեղադրանք: Գործի նախաքննությունն արդեն ավարտվել է, իսկ այսօր` հուլիսի 19-ին տեղի կունենա նրանց գործով հերթական դատական նիստը:

Նյութը՝ Ելենա Արամյանի

Մեկնաբանություններ