Նոր վարկային ծրագրի շրջանակներում 2019 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Ուկրաինային երկու տրանշ կտրամադրի՝ 1.3 մլրդ դոլար գումարի չափով: Այս լուրը հաստատել են ԱՄՀ ներկայացուցիչները:
2018 թվականի դեկտեմբերի 18-ին ԱՄՀ գործադիր տնօրենների խորհուրդը հաստատել է Ուկրաինայի համապարփակ տնտեսական ծրագրի աջակցման համար 3.9 միլիարդ դոլար գումարի չափով «Stand-by» սանտդարտ նոր վարկի տրամադրման համաձայնագիրը՝ 14 ամիս ժամկետով։ 1․4 մլրդ դոլար գումարի չափով առաջին տրանշը հատկացվել է Կիևին համաձայնագիրը կնքելուց մի քանի օր հետո՝ դեկտեմբերի 21-ին:
ԱՄՀ մամուլի ծառայության հաղորդած տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինայի հետ համագործակցության նոր ծրագիրը կաջակցի երկրի իշխանությունների վարած տնտեսական քաղաքականությանը և կկենտրոնանա երկրի մակրոտնտեսական և ֆինանսական կայունության պահպանման վրա: Ծրագրի առաջնայնությունները ներառում են պետական պարտքի հետագա կրճատումը, գնաճի նվազումը և Ուկրաինայում կառուցվածքային բարեփոխումների խթանումը: Առանձին առաջնահերթ խնդիր է համարվում նաև երկրում հակակոռուպցիոն բարեփոխումների հետագա առաջընթացը։
Երկրորդ և երրորդ վարկը նախատեսվում է հատկացնել երկրին ԱՄՀ փորձագետների կիսամյակային հետազոտություններից հետո։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ Ուկրաինան կստանա երկրորդ և երրորդ վարկերը համապատասխանաբար 2019 թվականի մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին: Հիշեցնենք, որ ավելի վաղ Կիևը ստորագրել է ԱՄՀ-ի հետ համագործակցության մի համաձայնագիր, որը պարտավորեցնում է Ուկրաինայի իշխանություններին բարձրացնել «կապույտ վառելիքի» գինը՝ համապատասխանեցնելով այն եվրոպական գներին: Միևնույն ժամանակ, 2019 թվականին Կիևը ստիպված կլինի բարձրացնել գազի գինը 40 տոկոսով: