Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն հրապարակել է Ստրասբուրգում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի վերաբերյալ վճիռների իրականացման մասին զեկույցը, համաձայն որի այս ոլորտում իրականացված բարեփոխումները տևական արդյունավետություն են ապահովել: Ըստ փաստաթղթի՝ 2010 թվականից ի վեր սահմանադրական, օրենսդրական և մի շարք այլ էական բարեփոխումների գործընթացի մեկնարկից ի վեր ՄԻԵԴ-ում փակվել է 2073 գործ: Ի լրումն սրա՝ վերջին երկու տարվա ընթացքում նախարարաների կոմիտեն փակել է 6796 կրկնվող (նախադեպային) գործ: Նշվում է նաև, որ ընթացքի մեջ գտնվող կարևոր գործերի թիվը, 2018 թվականի վերջի դրությամբ, 1248 է, ինչը 2010 թվականից ի վեր նվազագույն ցուցանիշն է: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա երկիրն էական առաջընթաց է արձանագրել 2018 թվականին կայացված ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարման ոլորտում:
Ըստ զեկույցի՝ 2018 թվականին Հայաստանի վերաբերյալ եղել է երկու նոր գործ, մինչդեռ կրկնվող գործերի թիվը 13-ն է: Այս ցուցանիշները չեն տարբերվում 2017 թվականի ցուցանիշներից:
Ընդհանուր առմամբ, այժմ ՄԻԵԴ-ում Հայաստանի վերաբերյալ ընթացքի մեջ է գտնվում 36 գործ, իսկ 2017 թվականին այդ ցուցանիշը եղել է 30: Ինչ վերաբերում է փակված գործերին, ապա 2018 թվականին փակվել է 9 գործ՝ ի տարբերություն 2017 թվականին արձանագրված 4-ի: ԵԽ-ն նշել է, որ Հայաստանը կարևոր բարելավում է կատարել ՄԻԵԴ վճիռների արդարացի բավարարումների հետ կապված։ ՄԻԵԴ վճիռների արդյունքում Հայաստանը 2018 թվականին փոխհատուցել է 195․940 եվրո, ինչն ավելի է նախորդ տարվա ցուցանիշից (106․665 եվրո)։ Ինչ վերաբերում է տարածաշրջանային մյուս պետություններին, ապա Ադրբեջանը նախորդ տարի փոխհատուցել է 186․972, իսկ 2017 թվականին՝ 817․451 եվրո: Վրաստանը 2018 թվականին փոխհատուցել է 36․633, իսկ 2017թ.՝ 54․748 եվրո, Թուրքիան 2018թ. փոխհատուցել է 1․559 380, իսկ 2017թ՝ 11․ 580 458 եվրո: Ռուսաստանի Դաշնությունը 2018թ. փոխհատուցել է 13․ 115 481, իսկ 2017թ.՝ 14․ 557 886 եվրո:
Նշենք նաև, որ 2018թ․ Ռուսաստանը չի կատարել ՄԻԵԴ-ի 1585 որոշումները: Չիրագործված որոշումների քանակով երկրների ցուցակում առաջատարը Ռուսաստանն է (1585), իսկ հետո՝ Թուրքիան (1237): Այլ երկրների համար այս ցուցանիշն ավելի ցածր է. Ուկրաինա՝ 923, Ռումինիա՝ 309, Հունգարիա՝ 252, Իտալիա՝ 245, Հունաստան՝ 238, Բուլղարիա՝ 208, Ադրբեջան՝ 186, Մոլդովա՝ 173: Ինչ վերաբերում է իրագործված որոշումներին, ապա Ռուսաստանը և Ռումինիան ունեն 393 իրականացրած վճիռ, Թուրքիան՝ 372, Ուկրաինան՝ 318, Իտալիան՝ 192, Մոլդովան՝ 136, Հունաստանը՝ 118, Խորվաթիան՝ 112, Լեհաստանը՝ 69, Հունգարիան՝ 56:
Զեկույցում նշվում է, որ 2018 թվականին ՄԻԵԴ-ի վճիռների արդյունքում ընդհանուր առմամբ փոխհատուցվել է 68․ 739 884 եվրո, ինչը գերազանցում է 2017 թվականի 60․399 112 եվրո ցուցանիշը: