Սասնա ծռերի գործով Էդվարդ Գրիգորյանն ազատ արձակվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում Սասնա Ծռերի 10 անդամների գործով հետաձգվեց տուժողների հարցաքննությունը, քանի որ դատական նիստի ժամանակ Էդվարդ Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ հանդես եկավ փաստաբան Լուսինե Սահակյանը։ Վերջինս խնդրեց իր պաշտպանյալի խափանման միջոց կալանավորումը փոխարինել պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Լուսինե Սահակայանը միջնորդեց հաշվի առնել այն հանգամանքը, որ երկրում իրավիճակ է փոխվել։

Նշենք, որ Էդվարդ Գրիգորյանի համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էյնֆիաջյանը, որոնք քիչ անց եկան դատարան և ներկայացրին վճարման անդորրագրեր։ Պատգամավորներից յուրաքանչյուրն Էդվարդ Գրիգորյանի ազատման համար վճարել էր 500 հազարական ՀՀ դրամ։

Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց բավարարել ներկայացված միջնորդությունը և Էդվարդ Գրիգորյանին բաց թողնել դատարանի դահլիճից։