Հայաստանի քրեակատարողական հիմնարկների խնդիրներից մեկը մնում է գերբնակեցման խնդիրը, որը նախորդ տարիների հետ համեմատած մնացել է նույնը: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամ Ռոբերտ Ռեւազյանը։
«Մասնավորապես, Նուբարաշեն ՔԿՀ-ի գերբնակեցման խնդիրը: 8 հոգու համար նախատեսված խցերում ապրում է 15 մարդ, իսկ հիմնարկի առաջին հարկն ընդհանրապես բնակեցման համար պիտանի չէ: ՔԿՀ-ում կան խցեր, որնք շատ անմխիթար են , կան նաև շատ լավ վերանորոգված խցեր, որոնք արվում են հենց կալանավորների միջոցներով»,-ասաց փորձագետը, կարծիք հայտնելով, որ պետությունը պարտավոր է բոլոր խցերը բերել միանման և բարեկարգ տեսքի:
ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանի խոսքերով ՔԿՀ-ներում առողջական խնդիրներիով բանտարկյալների պատշաճ բուժօգնություն չցուցաբերելը հանգեցնում է մահվան դեպքերին, մասնավորապես Արթուր Սարգսյանի՝ Հաց բերողի մահվան դեպքը փաստում է դա:
«Աբովյանի կանանց ՔԿՀ-ում երկու լուրջ առողջական խնդիրներով անձանց դեպք կար, որի մասին ահազանգել ենք Արդարադատության նախարարություն, սակայն ստացել ենք մերժողական պատասխան: Արդյունքում՝ կանանցից մեկը մահացավ, իսկ մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում», -ասաց Զառա Հովհաննիսյանը:
Ռոբերտ Ռևազյանն էլ հավելեց, որ եթե պետությունը չի կարող բուժել ծանր հիվանդությամբ դատապարտյալի, պետք է նրան ազատ արձակի բուժում ստանալու համար, այլ ոչ թե սպասի նրա վախճանին:
ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալ, արդարադատության փոխգնդապետ Տիգրան Սահակյանի խոսքերով «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի գերբնակեցման հարցը կլուծվի միայն բարվոք վիճակի նոր քրեակատարողական հիմնարկ ունենալուց հետո:
«Դատապարտյալների պահման պայմանների հետ կապված խնդիր իրականում կա և այն պայմանավորված է ենթակառուցվածքների հետ, որոնք ժառանգություն են մնացել Խորհրդային Միությունից: Փորձ արվել էն այդ ՔԿՀ-ներում վերանորոգման արդյունքում հասնել ինչ- ինչ չափորոշիչների, սակայն մարդու իրավունքների պահպանման առումով դրանք բավարար համարել հնարավոր չէ»,-ասաց Տիգրան Սահակյանը:
Տիգրան Սահակյանը նշեց, որ բավարար պայմաններ ստեղծելու նպատակով դեռևս 2009-ից որոշում կայացվեց ենթակառուցվածքային փոփոխություններ իրականացնել, արդյունքում կառուցվեց «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը, որի կառուղումը որոշ չափով գերբեռնվածությունը նվազեցրեց: Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության իրավաբանական բաժնի պետի տեղակալի՝ առաջիկայում նախատեսվում է նոր ՔԿՀ կառուցել Գորիսում:
Տիգրան Սահակյանն անդրադարձավ նաև պատժի կրման հետ չհամապատասխանող հիվանդություններ ունեցող դատապարտյալներին և կալանավորներին, նշելով, որ 2017 թվականին 1740 կալանավոր և դատապարտյալ տեղափոխվել է քաղաքացիական հիվանդանոցներ, քանի որ ՔԿՀ-ներում իրենց բուժումը արդյունավետ չէր:
«Ինչ վերաբերում է մահացության դեպքերին, ապա 2017-ին մահացել է 17 դատապարտյալ, որոնցից 7-ը մահացել է հիվանդության պատճառով: 2016-ին 29 մարդ՝ 7-ը հիվանդության պատճառով»,-ասաց ՏիգրանՍահակյանը: