125.000 դոլարին համարժեք դրամ կհատկացվի ՀՀ շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների գնման նպատակով

Այսօր կառավարության օրակարգում, ի թիվս այլ հարցերի,  Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 1717-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու և գնման գործընթացը սահմանելու մասին նախագիծն էր։

Իրավական ակտի նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

Ըստ նախարարության հիմնավորման՝ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Հայաստանի Հանրապետության շահերի պատշաճ ներկայացում Ներդրումային վեճերի միջազգային կարգավորման կենտրոնում:

«Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը` Կառավարությունը որոշում է.

  1. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված ICSID No.ARB /18/28 արբիտրաժային գործով իրականացված նախնական խորհրդատվության համար Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 36,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
  2. Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված ICSID No.ARB /18/28 արբիտրաժային գործով Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2018 թվականին հատկացնել 125.0 հազ. դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):
  3. Կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
  4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված ընթացակարգով` կիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի ա կետի պահանջները:
  5. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գնման առարկան ձեռք է բերվելու՝ կիրառելով Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի բ կետի պահանջները:
  6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի օգոստոսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա»: