12 երկրներ Բրեքսիթի գործընթացը հստակեցնելու համար դիմել են ԱՀԿ 

Տասներկու երկրներ, ներառյալ՝ ԱՄՆ-ն և Չինաստանը, դիմել են Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)՝ պահանջելով, որ Եվրամիությունը (ԵՄ) պարզաբանի Բրեքսիթից հետո առևտրի ոլորտում իր և Մեծ Բրիտանիայի համագործակցության սկզբունքները։ Երկրները նաև պահանջել են Եվրամիությունից փոխհատուցում հատկացնել, եթե նոր առևտրային հարաբերությունները շահութաբեր չլինեն այլ պետությունների համար։

«Մենք կոչ ենք անում Եվրամիությանը լրացուցիչ երաշխիքներ տրամադրել ԱՀԿ անդամ պետություններին՝ ԵՄ շուկայի որակի և մատչելիության պահպանման համատեքստում ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի առևտրային հարաբերություններում իր տեսակետը հստակեցնելու վերաբերյալ և համարժեք փոխհատուցում հատկացնել, եթե այդ մատչելիությունը չպահպանվի»,-նշվում է 12 երկրների կողմից ԱՀԿ ներկայացված փաստաթղթի մեջ։

Փաստաթուղթը ստորագրվել է ԱՄՆ-ի, Չինաստանի, Արգենտինայի, Ավստրալիայի, Բրազիլիայի, Կանադայի, Մեքսիկայի, Նոր Զելանդիայի, Պարագվայի, Թայվանի, Թաիլանդի և Ուրուգվայի կողմից: Այս երկրների հիմնական մտահոգությունները կապված են սակագնային քվոտաների հետ, որոնք թույլ են տալիս այլ երկրներին որոշակի քանակությամբ նվազեցված մաքսատուրքերով ապրանքներ մատակարարել Եվրամիությանը՝ ԱՀԿ կանոնների և պարտավորությունների համաձայն:

Նշենք, որ Բրեքսիթից հետո Մեծ Բրիտանիան առաջարկել է պահպանել սակագնային քվոտաների հիմնական պարամետրերը և ԵՄ-ի հետ համաչափ բաժանել ԱՀԿ անդամների ստանձնած պարտականությունները, սակայն երկրները մտահոգություն են հայտնել, որ դա կարող է հանգեցնել դեպի եվրոպական շուկա իրենց հասանելիության վատթարացմանը:

Ընթացիկ համաձայնագրերով նախատեսված է, որ Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը պետք է իրականացնեն Բրեքսիթը մինչև 2019 թվականի մարտի 29-ը, սակայն կողմերը դեռևս չեն կարողանում համաձայնության գալ մի շարք կարևոր հարցերի շուրջ, այդ թվում՝ նաև առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերի:

Նշենք նաև՝ 2016 թվականի հունիսի 23-ին Մեծ Բրիտանիայում տեղի է ունեցել հանրաքվե, որի արդյունքների համաձայն՝ 52% մեծամասնությամբ Մեծ Բրիտանիայի բնակչությունը որոշել է դուրս գալ Եվրոպական Միությունից։ Այսպիսով, ԵՄ պատմության մեջ առաջին անգամ սկիզբ է դրվել Միությունը լքելու գործընթացին, որը տարածվել է «Բրեքսիթ» անվամբ։

Մեծ Բրիտանիայի՝ ԵՄ-ից դուրս գալու որոշումը պայմանավորված էր բազմաթիվ հանգամանքներով, որոնցից առավել կարևոր են հետևյալները՝

ԵՄ-ի ներսում անձանց (մասնավորապես՝ ԵՄ քաղաքացիների) ազատ տեղաշարժի իրավական կարգավորումը և ԵՄ անդամ պետություններից ՄԲ միգրացիոն հոսքերի սահմանափակման և վերահսկման ձգտումները,

սոցիալական նպաստներից ԵՄ բոլոր պետություններում օգտվելու ԵՄ քաղաքացիների լայն իրավունքները,

Մեծ Բրիտանիայի և Եվրոպական Միության միջև այդևայլ հարցերի շուրջ նախկինից որակապես տարբերվող նոր հարաբերությունների չհաստատումը։

Մեկնաբանություններ