ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում այսօր ներկայացվել է Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրման ծրագրիրը, որին մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը,
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի գյուղատնտեսության գծով գլխավոր մասնագետ Արուսյակ Ալավերդյանը, ոլորտի այլ պատասխանատուներ և փորձագետներ:
Ծրագիրը մշակվել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամի հետ և միջազգային մի շարք կառույցների աջակցությամբ:
«Մեր նպատակն է ամփոփել, ընդհանուր տեսլական ունենալ, հասկանալ մեր բաց տեղերը, քանի որ սա շատ կարևոր ծրագիր է, առանց որի հնարավոր չէ անասնաբուծություն զարգացնել: Ծրագրում ներառված է և’ անասնաբուժությունը, և’ վերահսկողությունը, և’ որակի բարձրացումը, ինչը թույլ կտա ապահովել ոլորտի առավել գրագետ և համակարգված զարգացումը Հայաստանում», – նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
ՀՀ ԳՆ ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանն իր հերթին տեղեկացրել է, որ նախաձեռնել են անասնաբուժության ոլորտում համալիր փոփոխություններ, այդ թվում` անցում պարտադիր սպանդանոցային մորթի, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, կենդանիների համարակալում, երկրի համաճարակային քարտեզի ձևավորում, ինչը կհանգեցնի նաև երկրի դիրքի բարելավմանը և արտաքին առևտրի խթանմանը:
«Այս ողջ գործընթացում հենասյուներից մեկը կենդանիների համարակալումն է, որը նախատեսված է նաև ՀՀ կառավարության գործունեության ծրագրում», – հավելել է Իշխան Կարապետյանը:
Ծրագրի իրականացման արդյունքում ակնկալվում է գյուղատնտեսական կենդանիների առողջության պահպանման և հիվանդությունների կանխարգելման առավել արդյունավետ կազմակերպում, սննդամթերքի անվտանգության առավել արդյունավետ կառավարում, մաքրացեղ տոհմային կենդանիների բուծում, համայնքային անասնաբույժների կարողությունների զարգացում, արտահանման հնարավորությունների ընդլայնում:
Ծրագրով նախատեսվում է ստեղծել Կենդանիների նույնականացման և համարակալման պետական հիմնադրամ, որի կենտրոնական գրասենյակը կլինի Երևանում, իսկ մարզերում կունենա 42 մասնաճյուղ:
Կարևորվել է նաև ծրագրի վերաբերյալ համայնքներում իրազեկման աշխատանքների կազմակերպումը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրի փաթեթը քննարկել այլ դոնոր կազմակերպությունների և միջազգային կառույցների հետ ևս՝ այն սեղմ ժամկետում կյանքի կոչելու նպատակով: ՍԱՊԾ-ի պետ Իշխան Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտության դեպքում շահագրգիռ կազմակերպություններին տրամադրել առավել համապարփակ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ:
Ծրագրի մշակման ընթացքում հայ մասնագետները խորհրդակցել են միջազգային փորձագետների հետ, ծանոթացել այլ երկրներում նմանատիպ ծրագրերի իրականացման ընթացքին: