«Միլանո» խանութի սեփականատեր «Օլիմպ» արտադրական կոոպերատիվն ըննդեմ Հայաստանի

«Օլիմպ» արտադրական կոոպերատիվը բողոք է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Հայաստանի՝ վարչական դատարանում ընթացող վարույթի չափազանց երկար տևողության մասին։ 

Գործը վերաբերում է հանրային գերակա շահ ճանաչված և օտարված նախկին «Միլանո» խանութի սեփականատիրոջ՝ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի հայցին՝ խանութի նկուղի և 2-3-րդ հարկերի դիմաց փոխհատուցում ստանալուն։ Դատավարությունը շատ երկար է տևել, և դատական ատյանները մերժել են Կոոպերատիվի հայցը՝ հիմնավորելով, որ «Օլիմպի» կողմից սեփականության իրավունքը գրանցված չի եղել բոլոր երեք հարկերի համար, այլ միայն մեկ հարկի համար։ Կոոպերատիվը պնդել է, որ թեև դրանք գրանցված չեն եղել, այդ հարկերը համարվում են գույք, քանի որ տարիներ շարունակ իրենք այդ տարածքների համար գույքահարկ են վճարել։ 

Կոոպերատիվը պահանջել է, որպեսզի դատարանը պարտավորեցնի պատասխանողին՝ «Ավո Ֆ.Մ.Հ.» ՍՊԸ-ին, վերոնշյալ տարածքների դիմաց փոխհատուցում վճարել «Օլիմպ» Ա/Կ-ին, որը փոխհատուցում (207 մլն 282 հազար դրամ) է ստացել միայն առաջին հարկի դիմաց։ Գործի քննության ընթացքում փաստաբանը նշել է, որ «Օլիմպ» արտադրական կոոպերատիվը երկար տարիներ հարկեր է վճարել մի գույքի համար, որը գոյություն չի ունեցել, բայց ներպետական դատարանները հայցի հիմքերին նույնիսկ չեն անդրադարձել, չեն քննել գործն ըստ էության և մերժել են բոլոր բողոքները։ Կոոպերատիվի կարծիքով, ՀՀ դատարաններում չի քննվել այն հանգամանքը, որ կոոպերատիվի գույքի 3 հարկերն էլ համարվել են օրինական և Հայաստանի Հանրապետությունը գույքահարկի հաշվարկման ժամանակ հաշվարկել է բոլոր 3 հարկերը, և այդ 3 հարկերի համար բռնագանձել գույքահարկ: 

Գործը քննվել է դատական 3 ատյաններում։ Չհասնելով արդյունքի՝ Կոոպերատիվը դիմել է Եվրոպական դատարանին։ Դիմումատու ընկերությունը բողոքել է, որ տվյալ վարույթի տևողությունն անհամատեղելի է եղել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված դրույթների հետ։ Վարույթը սկսվել է 2010 թվականի մարտին, դեռևս գտնվում է քննության փուլում։ Այսինքն՝ ավելի քան 10 տարի։ 

ՄԻԵԴ-ը նշել է, որ վարույթի տևողության ողջամտությունը պետք է գնահատվի քննության առարկա գործի կոնկրետ հանգամանքների լույսի ներքո՝ հիմնվելով հետևյալ չափանիշների վրա՝ գործի բարդությունը, Դիմումատու ընկերության և համապատասխան իշխանությունների վարքագիծը և այն, թե Դիմումատու ընկերության համար ինչն է վտանգվել վեճի ընթացքում։ Դատարանը հայտնաբերել է սույն գործով առկա խնդիրների հետ նույնաբովանդակ հայեցակետերի խախտում «Ֆիլ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի ուղենշային գործով։ Հաշվի առնելով խնդրո առարկայի վերաբերյալ իր նախադեպային իրավունքը՝ ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ սույն գործով վարույթի տևողությունը չափազանց երկար է եղել և չի բավարարել Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված «ողջամիտ ժամկետի» պահանջը։ Հետևաբար, տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի (արդար դատաքննության իրավունք) 1-ին կետի խախտում։ 

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Հայաստանը երեք ամսվա ընթացքում պարտավոր է ոչ նյութական/ բարոյական վնասի հատուցման համար Դիմումատու ընկերությանը վճարել 2․400 եվրո, որը պետք է փոխակերպվի պատասխանող պետության արժույթով՝ վճարման օրվա դրությամբ գործող փոխարժեքով։  

Մեկնաբանություններ