Լեյլա Ջանն ընդդեմ Թուրքիայի

Դիմումատուն՝ Լեյլա Ջանը, ազգությամբ թուրք է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Թուրքիայի Մերսին քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ իր որդեգրած երեխայի կենսաբանական ծնողների անունները նրա անձը հաստատող փաստաթղթում փոխելու մասին դիմումին։

2006 թվականին Դիմումատուն որդեգրել է 1999 թվականի սեպտեմբերին ծնված երեխայի։ Որդեգրման ընթացակարգն ավարտելուց հետո երեխայի տվյալները գրանցվել են գրանցամատյանում Դիմումատու Ջանի ազգանունով։ Դիմումատուին թույլատրվել է նաև փոխել երեխայի անունը և հայրանունը։ 2006 թվականի նոյեմբերի 7-ին Դիմումատուն դիմել է Տարսուս քաղաքի դատարան՝ երեխայի կենսաբանական ծնողների մասին տվյալները, մասնավորապես՝ մոր անունը և հայրանունը փաստաթղթում փոխելու խնդրանքով։ Նա պնդել է, որ կենսաբանական ծնողների անունները երեխայի ինքնությունը հաստատող փաստաթղթերում կարող են խառնաշփոթ առաջացնել և բացասական հետևանքներ ունենալ երեխայի համար։ Դիմումատուն խնդրել է որպես երեխայի հայրանուն նշել իր հոր անունը։ Սակայն, Դատարանը մերժել է Դիմումատուի ներկայացրած դիմումը և հիմնավորել է, որ որդեգրված երեխան չի լքվել, հայտնի է նրա կենսաբանական ծնողների ինքնությունը և նրա ծագումը, ուստի՝ հայցվող փոփոխությունը կարող է հետագայում խնդիրներ առաջացնել երեխայի ծագման հետ կապված հարցերում: Ի վերջո, հիմք ընդունելով Թուրքիայի Քաղաքացիական օրենսգիրքը՝ Դատարանը վճռել է, որ երեխային ինքնուրույն որդեգրած Դիմումատուն չի կարող պահանջել, որ երեխայի կենսաբանական հոր և մոր տվյալները փոփոխվեն: Դիմումատուն բողոքել է Դատարանի կայացրած որոշման դեմ, սակայն, Վճռաբեկ դատարանը մերժել է բողոքը։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։  

Հաշվի առնելով վերոգրյալը՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։ ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Թուրքիան պարտավոր է Դիմումատուին պատճառված ոչ նյութական (բարոյական) վնասի համար վճարել 2․500 եվրո գումարի չափով փոխհատուցում, որը պետք է փոխարկվի պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ