Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց Եվրոպական Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում 63-ամյա Քրիստին Լագարդի թեկնածությանը՝ 394 կողմ, 206 դեմ ձայների հարաբերակցությամբ։ Այս մասին ասվում է Եվրամիության օրենսդիր մարմնի պաշտոնական կայքէջում:
Քվեարկությանը նախորդած բանավեճի ընթացքում պատգամավորները քննարկել են հարցը, թե որքանով է Լագարդի թեկնածությունը համապատասխանում այդ պաշտոնին:
Եվրախորհրդարանի խորհրդատվությունը պարտադիր բնույթ չի կրում, վերջնական որոշումը պետք է կայացնի Եվրոպական խորհուրդը, որը կազմված է Եվրամիության անդամ երկրների ղեկավարներից:
Եվրամիության գործադիր մարմնի հաջորդ նիստը նախատեսված է հոկտեմբերին:
Լագարդի թեկնածությունը հաստատվելու դեպքում Երոպական մայրցամաքի ֆինանսական վերահսկողությունը անցնում է Ֆրանսիային:
Ֆրանսուհի Քրիստին Լագարդը մինչև վերջերս ղեկավարում էր Արժույթի միջազգային հիմնադրամը, նրան անվանում են ֆինանսական աշխարհի ռոք-աստղ: Նա Ֆրանսիայի կառավարությունում անցած տարիներին մի շարք բարձր, այդ թվում՝ նախարարի պաշտոն է զբաղեցրել: Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնում Լագարդը կփոխարինի իտալացի Մարիո Դրագին: