«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը շարունակում է իր հացադուլը

Այսօր լրանում է «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի հացադուլի 21-րդ օրը: 

Ըստ Գարեգին Չուգասզյանի՝ Հայաստանը հիմա գտնվում է անցումային ժողովրդավարության փուլում, եւ այս ընթացքում իրենք աջակցում են հեղափոխությանը եվ դաշնակից են:

Գարեգին Չուգասզյանը նշել էր, որ չի դադարեցնի հացադուլը մինչև չկատարվեն նրա 3 պահանջները: Դրանք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, համաներում հայտարարելը և անցումային հանձնաժողովների ստեղծումը: Նա քաղբանտարկյալների հստակ անուններ չի նշել, սակայն հայտարերել է, որ իշխանության կողմից կա հավաստիացում, որ նրանց ազատ արձակման գործընթացը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ Գարեգին Չուգասզյանը ապրիլի 25-ից անժամկետ հացադուլ է հայտարարել:

Հավելենք, որ «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելուց անմիջապես հետո։

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը  2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգավածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով և նրա նկատմամբ նախաքննություն իրականացնող մարմինը խափանման միջոց էր ընտրել կալանավորումը: Չուգասզյանի մեղադրանքն առնչվում է 2015-ի ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների նախապատրաստության դեպքի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործին:

Այս գործով անցնում են նաև Ժիրայր Սեֆիլյանը, Գևորգ Սաֆարյանը, Պավել Մանուկյանը և Վարուժան Ավետիսյանը: Ժիրայր Սեֆիլյանն ու Գևորգ Սաֆարյանն արդեն իսկ առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր են ճանաչվել ու դատապարտվել, իսկ Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի վերաբերյալ գործը միացվել է 2016 թվականի հունիսին Ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գունդը գրավելու վերաբերյալ հարուցված գործին:

«Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանը կալանավորվել էր ապրիլի 24-ին՝ Ծիծեռնակաբերդի բարձունքից իջնելուց անմիջապես հետո։ Չնայած նրան, որ դեռևս 2015թ-ին էր առաջադրված զանգվածային անկարգությունների կազմակերպման նախապատրաստության մեղադրանքը, այնուամենայնիվ Չուգասզյանին սկսեցին կրկին հետապնդել 2016 թ. «Սասնա Ծռերի» խմբի հայտնի գործողություններից հետո:

Մայիսի 12-ին, «Հիմնադիր խորհրդարան»-ի նախագահ Գարեգին Չուգասզյանի նկատմամբ ընտրված կալանքը որպես խափանման միջոց փոխարինվել է «Ելք» խմբակցության ԱԺ պատգամավորներ Արարատ Միրզոյանի և Լենա Նազարյանի երաշխավորությամբ: