ԱՀԿ-ն թույլատրել է Հարավային Կորեային պատժամիջոցներ կիրառել ԱՄՆ-ի դեմ

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թույլատրել է Հարավային Կորեային սահմանափակումներ կիրառել ԱՄՆ-ի դեմ։ Խոսքը վերաբերում է 84 մլն դոլար ընդհանուր արժողությամբ ամերիկյան ապրանքների ներմուծմանը։ Այս մասին հրապարակվել է ԱՀԿ պաշտոնական կայքում: ԱՀԿ-ն նաև փոխհատուցման հաշվարկման բանաձև է մշակել, եթե ԱՄՆ-ն որոշի շրջանցել ԱՀԿ-ի կանոնները և դիմի պատասխան գործողությունների։

Հիշեցնենք, որ Հարավային Կորեայից ԱՄՆ ներմուծվող լվացքի մեքենաների համար մաքսատուրքերը բարձրացնելու որոշման վերաբերյալ վեճը երկու երկրների միջև շարունակվում է 2013 թվականից: 2016 թվականին ԱՀԿ-ն կարգադրել է ԱՄՆ-ին վերացնել խախտումները մինչև 2017 թվականի դեկտեմբերի 26-ը։ Սակայն ԱՄՆ-ն շարունակել է պատժամիջոցներ կիրառել, և 2018 թվականի հունվարին Հարավային Կորեան բողոք է ներկայացրել ԱՀԿ։

ԱՀԿ արբիտրների խումբը որոշել է, որ Հարավային Կորեայից ԱՄՆ ներմուծվող լվացքի մեքենաների համար սահմանված մաքսատուրքերը բարձրացնելու արդյունքում Հարավային Կորեային պատճառված վնասը կազմում է 84,8 մլն դոլար: Այժմ ԱՀԿ-ն թույլատրել է Հարավային Կորեային չեղարկել ԱՄՆ-ի նկատմամբ առևտրային զիջումները և սահմանափակումներ կիրառել՝ մինչև վնասի ամբողջական հատուցումը։

Մեկնաբանություններ