Հոկտեմբերի 17-ին Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի N-355-11 օրենսգրքի (07.02.12 ՀՕ-2-Ն օրենքի լրացմամբ) 124, 124.1, 124.2, 124.3, 124.4 հոդվածներով նախատեսված տուգանքի չափերը նվազեցնել 50%-ով: Օրենքի նախագծի հեղինակներն են պատգամավորներ Հովհաննես Մարգարյանը և Հեղինե Բիշարյանը:
Ըստ օրենքի նախագծի ներկայացված հիմնավորման՝ «նախագծի ընդունումը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային երթևեկության համեմատաբար նվազ վտանգավորության աստիճան ունեցող խախտումների համար սահմանված տուգանքի չափը կիսով չափ նվազեցնելու հանգամանքով: Նկատի ունենալով այն հանգամանքը, որ գնալով ավելանում է տեսանկարահանող սարքերի և արագաչափերի թիվը, որին զուգահեռ ավելանում են արձանագրվող խախտումների քանակը, արդյունքում վարորդներից գանձվող գումարները ուղիղ համեմատական կերպով ավելանում են, ինչն էլ ուղղակիորեն հարվածում է առանց այն էլ սոցիալապես ծանր վիճակում գտնվող մեր քաղաքացիների ընտանեկան բյուջեին, ուստի անհրաժեշտություն է առաջանում վերանայել սահմանված տուգանքների գումարի չափը»:
Մասնավորապես, նախագծի ընդունման դեպքում, 2015 թ. հունվարի 1-ից 50%-ով կնվազեցվեն օրենսգրքի հետևյալ հոդվածներով նախատեսված տուգանքների չափերը.
Հոդված 124. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը Հոդված 124.1. Տրանսպորտային միջոցների վարորդների մասնակցությունը ճանապարհային երթևեկության խոչընդոտներ ստեղծող խմբակային տեղաշարժին Հոդված 124.2. Տրանսպորտային միջոցի վրա գովազդի տեղադրման կարգը խախտելը Հոդված 124.3. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից լուսացույցի կամ կարգավորողի արգելող ազդանշանին չենթարկվելը Հոդված 124.4. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից սահմանված արագությունը գերազանցելը:Աղբյուրը՝ www.parliament.am