Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գրություն է ուղարկել Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարներին` տնտեսվարողների դժգոհությունն առաջացրած, շրջանառության հարկի օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Օմբուդսմենն առաջարկել է առևտրականների համար սահմանել շրջանառության հարկով աշխատելու երկու տարբերակ:
Այս մասին տարածած հաղորդագրությամբ տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ մի խումբ առևտրականներ դիմում-բողոք էին ներկայացրել Մարդու իրավունքների պաշտպանին օրենքում կատարված փոփոխությունների վերաբերյալ: Այնուհետև Պաշտպանի` սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալն աշխատանքային քննարկում էր կազմակերպել առևտրականների հետ՝ վերջիններիս մտահոգություններին ծանոթանալու և խնդրի լուծման տարբերակներ մշակելու նպատակով:
Օրենքով նախատեսված փաստաթղթավորման պահանջը հատկապես լուրջ դժվարություններ է ստեղծում շրջանառության փոքր ծավալ ունեցող առևտրականների համար: Ուստի, Օմբուդսմենն առաջարկում է շրջանառության հարկ վճարողներին բաժանել երկու խմբի՝ մինչև 20 մլն և 20-ից 58.35 մլն դրամ շրջանառություն ունեցողների: Ըստ դրա` առաջին խմբի առևտրականներին հնարավորություն տալ ընտրելու` աշխատել ապրանքների պարտադիր փաստաթղթավորմամբ՝ վճարելով 1 տոկոս շրջանառության հարկ, կամ աշխատել առանց պարտադիր փաստաթղթավորման՝ վճարելով 3.5 տոկոս շրջանառության հարկ:
Պաշտպանն անթույլատրելի է համարում փոքր բիզնեսով զբաղվող առևտրականների գործունեության պայմանների վատթարացումը և լիահույս է, որ փաստաթղթավորման և հարկի չափի ընտրության հնարավորություն ստանալու դեպքում նրանք կազատվեն վարչարարական քաշքշուկից, ինչպես նաև կկարողանան պահպանել իրենց բիզնեսը: