Օմբուդսմենը միջազգային գործընկերներին է ցուցադրել ադրբեջանական բռնությունները հայ գերու նկատմամբ

Դեկտեմբերի 16-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի նկատմամբ Ադրբեջանում կիրառված խոշտանգումների վերաբերյալ տեսանյութի փակ ցուցադրություն: Ադրբեջանում նկարահանված տեսանյութն առգրավվել էր ադրբեջանցի դիվերսանտներից և Օմբուդսմենին տրամադրվել Պաշտպանության նախարարության կողմից:

Այդ մասին հաղորդում է ՄԻՊ գրասենյակի տեղեկատվական կենտրոնը:

Ցուցադրությանը ներկա էին մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Ֆրանսիա, ԵԱՀԿ, Եվրոպայի խորհուրդ և ՄԱԿ):

Մարդու իրավունքների պաշտպանի՝ զինծառայողների իրավունքների հարցերով տեղակալ Արմեն Գրիգորյանն իր խորին մտահոգությունն է հայտնել Հակոբ Ինջիղուլյանի և առհասարակ բոլոր հայ գերիների նկատմամբ Ադրբեջանում անմարդկային վերաբերմունքի կապակցությամբ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև զինծառայողների իրավունքների հարցեր: