Դիմումատուն՝ Քրիստիան Ունգուրեանուն, ազգությամբ ռումինացի է, ծնվել է 1972 թվականին, բնակվում է Ռումինիայի Պլոեշտի քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ դատական կարգով ամուսնալուծության գործընթացի ժամանակ իր երեխայի խնամքին և դաստիարակությանը մասնակցելու և նրան տեսակցելու իրավունքից իրեն զրկելու մասին Դատարանի կայացրած որոշմանը։
Դիմումատուի որդին ծնվել է 2006 թվականին։ 2012 թվականի սեպտեմբերին Դիմումատուի կինը դիմում է ներկայացրել Դատարան՝ ամուսնալուծությունը դատական կարգով կատարելու և իրենց համատեղ երեխայի նկատմամբ միանձնյա խնամակալություն ստանձնելու պահանջով։ Մեկ ամիս անց Դիմումատուի կինը և երեխան տեղափոխվել են մեկ այլ քաղաք։
2012 թվականի նոյեմբերին Դիմումատուն հայց է ներկայացրել Դատարան՝ իր երեխայի խնամակալությունը ստաձնելու, նրա խնամքին և դաստիարակությանը մասնակցելու կամ մինչև ամուսնալուծության գործընթացի ավարտը տեսակցության միջանկյալ կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ։ Այնուամենայնիվ, Ռումինիայի ներպետական դատական ատյանները մերժել են երեխայի խնամակալությունը ստանձնելու և նրա հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ Դիմումատուի ներկայացրած հայցը՝ հիմնավորելով, որ օրենքը չի թույլատրում դատական կարգով երեխայի հետ տեսակցության կամ շփման կարգ սահմանել ծնողների ամուսնալուծության գործընթացի ժամանակ։
Ներպետական դատական ատյանները քաղաքացիական գործով վերջնական որոշում են կայացրել 2013 թվականի մայիսին։ 2016 թվականի նոյեմբերին ավարտվել է Դիմումատուի և նրա կնոջ ամուսնալուծության գործընթացը։ Ներպետական դատական ատյանները Դիմումատուի երեխայի խնամակալության իրավունքը երեխայի մորը հանձնելու մասին որոշում են կայացրել։ Այնուհետև, Դիմումատուն ծանուցվել է իր երեխայի հետ դատական կարգով սահմանված տեսակցության ժամերի ցուցակի մասին։
Դիմումատուն սկսել է իրականացնել իր ծնողական իրավունքները 2018 թվականի փետրվարից, երբ նրա նախկին կինը և երեխան որոշել են վերադառնալ նախկին բնակության քաղաք։
Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում։ Մասնավորապես՝ Դիմումատուն բողոքել է, ամուսնալուծության գործընթացի ժամանակ իր երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու պահանջի վերաբերյալ իր ներկայացրած հայցը մերժելու որոշման մասին։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 8-րդ հոդվածի խախտում։
Դիմումատուի հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Ռումինիան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար Դիմումատուին վճարել 8․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․380 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։