Ընտրակեղծարարությունը քրեականացվեց. ԱԺ-ն միաձայն ընդունեց նախագիծը

Այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ՝ երկրորոդ ընթերցմամբ և ամբողջությամբ միաձայն ընդունվեց կառավարության կողմից ներկայացված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 82 պատգմավոր, դեմ և ձեռնպահ չկար:

Նշենք, որ նախագծով առաջարկվում է խստացնել ընտրակեղծարարության պատասխանատվությունը: Վարչական դատավարության օրենսգրքում որոշ ընտրական իրավախախտումներ առաջարկում են դարձնել քրեորեն պատժելի՝ հաշվի առնելով դրանց ծանր հետևանքները:

Նախագծով առաջարկվում է նաև որոշ պատիժներ խստացնել և դիտել ոչ թե միջին ծանրության, այլ ծանր հանցագործություններ և հակառակը՝ մի շարք արարքներ դիտել որպես վարչական զանցանքներ, իսկ որոշ արարքներ էլ ապաքրեականացնել՝ հաշվի առնելով, որ վտանգ չեն ներկայացնում, այլ ընդհակառակը խոչընդոտում են ընտրակեղծիքների բացահայտմանը:

Կաշառք առաջարկվում է համարել ոչ միայն փող, այլ նաեւ այլ նյութեր տալը, ներառյալ՝ սննդամթերք: Այս խնդիրը լուծելու համար առաջարկվում է արգելել բարեգործությունը քարոզարշավի ժամանակ:

Բացի այդ, առաջարկվում է պատժել ոչ միայն ընտրողներին կաշառելու, այլ նաեւ կաշառք տալու խոստման համար: Նման առաջարկների համար առաջարկվում է պատժել 100 000-ից մինչեւ 400 000 դրամ տուգանքով կամ մինչեւ 5 տարի ազատազրկմամբ: