Քննիչը խոշոր չափերով կաշառք է պահանջել և պաշտոնեական կեղծիք կատարել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու առերևույթ հանցագործության դեպքերի առթիվ:

Այսպես, խարդախության կատարման մեջ մեղադրվող Հ. Հունանյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում 22.11.2017թ.-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հայտնել է, որ իր վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն իրականացրած` ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչն իրեն ուղղորդել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ տալ, այնուհետև հորդորել է այդ մասին պաշտպանին չհայտնել և քրեական պատասխանատվությունից իրեն ազատելու դիմաց պահանջել է խոշոր չափերով կաշառք: Բացի այդ, ամբաստանյալը հայտնել է, որ իր նախաքննական ցուցմունքներում առկա որոշ ստորագրություններ իր կողմից չեն կատարվել: Հ. Հունանյանը նույնաբովանդակ հաղորդում է տվել նաև Հատուկ քննչական ծառայությունում:

Այսպիսով, ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, խոշոր չափերով կաշառք պահանջելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում  հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,  քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով`  դատարանի`  օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություններ