Գյումրիի սպանդի գործով քննության հայ-ռուսական համակարգող շտաբ է ստեղծվել

005ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը եւ ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Բաստրիկինը հունվարի 20-ին ստորագրել են համաձայնագիր` Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննության ընթացքում համագործակցության արդյունավետությունն ապահովելու նպատակով համակարգող շտաբ ստեղծելու մասին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Երկու երկրների քննչական կոմիտեների նախագահները կարեւորել են տեղի ունեցած սպանության լիարժեք բացահայտումը, բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ, օբյեկտիվ հետազոտումը եւ պայմանավորվել իրականացնել համատեղ ու փոխհամագործակցված գործողություններ: Քննության ընթացքում համատեղ գործողությունների իրականացումը կկազմակերպվի համաձայնագրով ստեղծված շտաբի կողմից:

Շտաբի կազմում ընդգրկված է 10 անձ` ՀՀ եւ ՌԴ քննչական կոմիտեների ներկայացուցիչներ, քրեագետներ:

Քրեական գործի քննության ընթացքում փոխգործակցությունը եւ բոլոր դատավարական գործողությունները կիրականացվեն միջազգային իրավունքի նորմերին համապատասխան, ինչպես նաեւ «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության և փոխադարձ իրավական օգնության հարցերի մասին» համաձայնագրով սահմանված սկզբունքների համաձայն:

Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա.Բաստրիկինը հավաստիացրել է, որ Պերմյակովի նկատմամբ քրեական գործի քննությունը, նախաքննությունը եւ հետագայում դատավարությունը տեղի կունենան բացառապես Հայաստանի Հանրապետության տարածքում:

ՌԴ քննչական կոմիտեի նախագահի՝ Հայաստան կատարած այցի ժամանակ տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, որոնց առանցքում եղել են Ավետիսյանների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի քննությանը վերաբերող հարցերը եւ քննության ընթացքը: