Այսօր քննարկման է դրվել «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը մշակվել էՀՀ Արդարադատության նախարարության կողմից:
Ընթացիկ իրավիճակը. Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի «Դատապարտյալի կապն ընտանիքի և արտաքին աշխարհի հետ» վերտառությամբ 92-րդ հոդվածը կարգավորում է անազատության մեջ գտնվող անձանց արտաքին աշխարհի հետ հաղորդակցվելու հետ կապված հարաբերությունները, որը կարող է իրականացվել քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվող և անցկացվող կարճատև և երկարատև տեսակցությունների միջոցով: Նույն հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ դատապարտյալներին մեկ ամսվա ընթացքում տրամադրվում է առնվազն 1 կարճատև տեսակցություն՝ մինչև 4 ժամ տևողությամբ և երկու ամսվա ընթացքում առնվազն 1 երկարատև տեսակցություն՝ մինչև 3 օր տևողությամբ: Միաժամանակ, հոդվածում նշված կարգավորումներից բացառություն է նախատեսվում առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվող տեսակցությունների դեպքում, այն է՝ տարվա ընթացքում առնվազն երեք կարճատև և մեկ երկարատև տեսակցություն:
Հանցագործությունների կանխմանն ու իրավախախտների հետ վարվեցողությանը նվիրված ՄԱԿ-ի առաջին կոնգրեսի կողմից ընդունված Բանտարկյալների հետ վարվեցողության նվազագույն ստանդարտ կանոնները նույնպես պարունակում են դրույթներ բանտարկյալների շփումն արտաքին աշխարհի հետ ապահովելու նպատակով։ Ստանդարտ կանոնների 37-րդ կետի համաձայն՝ բանտարկյալներին պետք է հնարավորություն տալ ինչպես գրագրության կարգով, այնպես էլ այցելությունների ընթացքում կանոնավոր ժամանակահատվածների ընդմիջումով և հարկ եղած վերահսկողության տակ կապ պահպանել իրենց ընտանիքների և անբասիր վարք ունեցող ընկերների հետ:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ դատապարտյալների տեսակցության իրավունքը ուղղակիորեն փոխկապակցված է վերջիններիս երեխաների հիմնարար իրավունքների հետ, որոնք սահմանված են ՄԱԿ-ի Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի 9-րդ հոդվածով, ըստ որի՝ համապատասխան պետական մարմինները պետք է ապահովեն երեխաների՝ իրենց ծնողների հետ կապ պահպանելու իրավունքի իրականացումը, բացառությամբ այն դեպքերի, երբ ծնողի հետ շփումը երեխայի շահերին դեմ է։
Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեն (այսուհետ՝ ԽԿԿ) իր 2-րդ ընդհանուր հաշվետվության մեջ կարևորել է ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապը, որի ապահովման նպատակով նրանց պետք է տրամադրվեն իրենց մերձավոր ազգականների հետ հարաբերությունները պահպանելու ողջամիտ հնարավորություններ: Ուղղորդող սկզբունքը պետք է լինի արտաքին աշխարհի հետ կապը խթանելը, իսկ այդպիսի շփման սահմանափակումները պետք է հիմնված լինեն միայն բացառիկ բնույթի անվտանգության նկատառումների վրա:
Նախագծի կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվելու է տարվա ընթացքում առնվազն վեց կարճատև և երկու երկարատև տեսակցության իրավունք, որի նպատակն է քրեական պատիժների ոլորտում վերականգնողական արդարադատության սկզբունքի ներդնումն ու պատժի նպատակների արդյունավետ իրացումը:
Նախագծին մանրամասն կարող եք ծանոթանալ՝ e-draft.am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: