ՔԿ վարույթում գտնվող քրեական գործերի թիվն էապես ավելացել է

2018 թվականի առաջին կիսամյակում էապես ավելացել է ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործերի թիվը, ինչի պայմաններում աճել է նաև ՔԿ քննիչների ծանրաբեռնվածությունը։

Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի մարմինների և ստորաբաժանումների վարույթում 2018 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում գտնվել է 12622 քրեական գործ: Այս ցուցանիշը գերազանցում է վերջին 4 տարիների միևնույն ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնված քրեական գործերի քանակը: Համեմատության համար նշենք, որ 2017 թվականի առաջին կիսամյակում քրեական գործերի քանակը կազմել է 10526:

ՔԿ վարույթում քրեական գործերի քանակի նման կտրուկ աճով պայմանավորված՝ ավելացել է նաև քննիչների ծանրաբեռնվածությունը: Մասնավորապես՝ 2018 թվականի առաջին կիսամյակում քննիչների միջին ծանրաբեռնվածությունը կազմել է 28 քրեական գործ՝ 2017 թվականի նույն ժամանակահատվածի 23 քրեական գործի դիմաց։

Հանցավորության շարժընթացի վերլուծության արդյունքում պարզվել է, որ դիտարկվող ժամանակահատվածում՝ 2018 թվականի առաջին կիսամյակում, քննված գործերի ընդհանուր քանակում ավելացել են նաև կոռուպցիոն բնույթի հանցագործություններով վարույթները: Մասնավորապես՝ ՔԿ վարույթում գտնվել է կոռուպցիոն բնույթի 551 քրեական գործ, իսկ 2017 թվականի նույն ժամանակահատվածում՝ 332 քրեական գործ։

Մեկնաբանություններ