Ռազմական ոստիկանությունը հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից. Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը քիչ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ՀՀ քաղաքացին կամավոր զենք-զինամթերք է հանձնել:

«Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից տարված բացատրական աշխատանքների արդյունքում ՀՀ քաղաքացի Ա. Հ-ն կամավոր ռազմական ոստիկանություն է հանձնել 2 միավոր ԱԿՄ ինքնաձիգ, 2 միավոր ականանետ, 1 նռնականետ, 1 դիպուկահար հրացան և մեծ քանակությամբ այլ զինամթերք (նռնակներ, պայթուցիկ նյութեր, տարբեր տրամաչափի փամփուշտներ):
Հայտնաբերված զինամթերքի վերաբերյալ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:
Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է զերծ մնալ հակաօրինական գործողություններից և կամովին հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը:
Ծանուցում.
ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 5-րդ կետի, նշված առարկաները կամովին հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նրա գործողություններն այլ հանցակազմ չեն պարունակում»,- գրել է նա: