ՀՀ փաստաբանների պալատում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ամփոփել է 2013թ. հոկտեմբերից 2014թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում պալատի կատարած գործունեությունը և ներկայացրել է հաշվետվություն՝ ռազմավարական (այդ թվում՝ նախընտրական) ծրագրի կատարման վերաբերյալ:
Այս մասին տեղեկացնում է փաստաբանների պալատի պաշտոնական կայք-էջը:
Հաշվետվության մեջ ներկայացված է 2013թ. հոկտեմբերից 2014թ. դեկտեմբեր ամիսների ընթացքում Փաստաբանների պալատի խորհրդի 21.05.2014թ. թիվ 11/1-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի 2013 և 2014 թվականների ռազմավարության ծրագրի, ինչպես նաև Արա Զոհրաբյանի 2013-2017 թվականների նախընտրական ծրագրի կատարմանն ուղղված միջոցառումների համառոտ բովանդակությունը:
Անդրադառնալով փաստաբանների մասնագիտական վերապատրաստման հարցին, Զոհրաբյանն ասել է, որ այդ ուղղությամբ որոշակի փոփոխություններ են կատարվել: Միայն այս տարվա դեկտեմբերի 15-ի դրությամբ Երևանում և հանրապետության մարզերում կազմակերպվել է 100 վերապատրաստման դասընթաց, որոնց ընթացքում մասնագիտական վերապատրաստում են անցել ավելի քան 950 փաստաբան:
Նա ներկայացրել է նաև հանրային պաշտպանի գրասենյակում կատարված նորարարությունները, ինչպես նաև անդրադարձել է հանրային պաշտպանի աշխատանքի հսկողության և վերահսկողության նոր մոդելներին:
Պալատի նախագահը նշել է, որ ՓՊ-ն, ՀՀ քրեական օրենսգրքում 2 տարի առաջ կատարված որոշակի փոփոխությունների առնչությամբ, առաջարկելու է, որ վերականգնվի նախկին մոդելը, մասնավորապես՝ կաշառքի վերաբերյալ հաղորդում տված անձը պետք է ազատվի պատասխանատվությունից: Իսկ ըստ գործող օրենքի՝ նա ազատվում է պատասխանատվությունից միայն այն դեպքում, եթե կաշառքը տեղի է ունեցել շորթման միջոցով, և եթե դրանից 3 օրվա ընթացքում անձն այդ մասին հայտնել է իրավապահ մարմիններին: