Օրենքով կսահմանվի զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակը

parliament-AJՀՀ Ազգային ժողովում կառավարության կողմից շրջանառության մեջ են դրվել «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» և «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերը: 

Մասնավորապես, «Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի նախագծով նախատեսված է կարգավորել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի զորամասերի, ռազմաբժշկական, ռազմաուսումնական, ռազմագիտական, մշակութային եւ լրատվական բնույթի զինվորական հաստատությունների ստեղծման, գործունեության իրականացման, դրանց իրավական վիճակի հետ կապված հարաբերությունները: 

Օրենքի նախագծով հստակ սահմանվում և հստակեցվում են զորամաս և զինվորական հաստատություն հասկացությունները, զորամասի և զինվարական հաստատությունների ստեղծումը, դրանց գործունեությունը և իրավական վիճակի առանձնահատկությունները:

«Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ներկայացումը պայմանավորված է «Զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի նախագծով ռազմաուսումնական հաստատությունների կարգավիճակի հստակեցման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների կողմից իրականացվող կրթական գործունեության եւ ռազմաուսումնական հաստատությունների հիմնադրման հետ կապված առանձնահատկությունների սահմանման անհրաժեշտությամբ:

Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, ներկայումս ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի ռազմաուսումնական հաստատությունները չունեն իրավական կարգավիճակ, հանդիսանալով զորամասեր իրականացնում են կրթական գործունեություն, ինչն օրենսդրորեն կարգավորված չէ:

«Զորամասերի և զինվորական հաստատությունների կարգավիճակի մասին» օրենքի նախագծի հիմնավորման համաձայն՝ ՀՀ զինված ուժերի ստեղծման եւ գործունեության ողջ ժամանակահատվածում որեւէ իրավական ակտով չի սահմանվել ՀՀ ՊՆ զորամասերի, հոսպիտալային օղակի եւ գործող ռազմաուսումնական հաստատությունների, նախարարության ենթակայությամբ գործող զինվորական թանգարանների, «Եռաբլուր» պանթեոնի, լրատվական ծառայությունների գործունեության իրավական հիմքերը: Արդյունքում, առանց հստակ կազմակերպական-իրավական տեսակի սահմանման եւ, մի շարք դեպքերում` առանց օրենքով պարտադիր պայման հանդիսացող գործունեության լիցենզավորման, ՀՀ ՊՆ ստորաբաժանումներն իրականացնում են համապատասխան գործունեություն, ինչը հակասում է նշված ոլորտները կարգավորող ՀՀ օրենքներին: Միաժամանակ, զինված ուժերի բարեփոխումների արդի պահանջները պարտադրում են հստակեցնել եւ սահմանել զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, նրանց գործունեության իրավական հիմքերը:

Իրավական ակտերի ընդունմամբ ակնկալվում է օրենքով սահմանել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերի եւ զինվորական հաստատությունների կարգավիճակը, ապահովել իրականացվող գործունեության համապատասխանեցումը ՀՀ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաեւ` հարկային քաղաքականությանը: