2018թ. փետրվարի 12-ին ՀՀ արդարադատության նախարարը հրապարակավ հայտնել է, որ՝ «… եթե փաստաբանները կարծում են, որ այս դատական սանկցիայի
կիրառման ընթացքում կարող են առաջանալ որոշակի ռիսկեր և իրենց պատկերացմամբ կան դրանք չեզոքացնելու հավելյալ միջոցներ կամ հնարավորություններ, Արդարադատության նախարարությունը պատրաստ է լսել նրանց մոտեցումներն ու փաստարկները: Ներկայումս մենք աշխատում ենք փաստաբանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի վրա ու կարծում եմ, որ այդ գործընթացի շրջանակում կարող ենք քննարկել փաստաբաններին հուզող այս և մնացած խնդիրները»:
Նույն օրը՝ քննարկման ժամանակ, նախաձեռնող խմբի անդամները նշել են, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի և մյուս օրենքների նախագծերի փաթեթն ընդունվել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասի` oրենսդրական նախաձեռնությունն իրականացվում է Ազգային ժողովի քննարկմանն օրենքի նախագծի կամ նախագծերի փաթեթի առաջադրմամբ: Օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա, և 69-րդ հոդվածի 1-ին մասի`oրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ, պահանջների խախտմամբ, քանի որ Նախագծի փաթեթում ընդգրկված լրացուցիչ 8 օրենքների նախագծերին երկրորդ ընթերցումից առաջ ավելացվել են 2 նոր նախագծերը՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը, որոնք փաստացի ընդունվել են մեկ ընթերցմամբ:
Այս և մյուս հիմնավորումները, ինչպես նաև օրենսդրական փաթեթի՝ փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու նորմերը 2019 թվականի հունվարի 1-ից հետո կիրառելու պայմանը հաշվի առնելով, Նախաձեռնող խումբը քննարկմանը ներկա փաստաբաններին առաջարկել է Նախագծի վիճարկման հետևյալ ճանապարհը, մասնավորապես՝ ներկայացնել դիմում ՀՀ Նախագահին ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացնել դիմում մարդու իրավունքների պաշտպանին օրենքներն ուժի մեջ մտնելուց հետո՝ դրանց սահմանադրականության հարցը բարձրացնելու մասին, քննարկել ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:
Նախաձեռնող խումբն առաջարկել է ընդունել նաև Արդարադատության նախարարության՝ երկխոսության առաջարկը, քանի որ այն չի խոչընդոտում նախաձեռնող խմբի վերոհիշյալ գործողություններին, ինչպես նաև հնարավորություն է ստեղծում բարելավել ընդունված օրինագծի փաթեթի՝ փաստաբաններին վերաբերող իրավակարգավորումները:
Ելնելով վերոգրյալից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության՝ քննարկումներով խնդիրը լուծելու առաջարկը, նկատի ունենալով այն, որ բողոքի ակցիաները հիմնականում ուղղված էին ՀՀ Ազգային ժողովին, որն իր որոշումն արդեն ընդունել է, նախաձեռնող խումբը հայտարարում է՝
1. շարունակելու է ՀՀ Ազգային ժողովի կողմից սահմանադրական օրենքի խախտմամբ ընդունված Նախագծի փաթեթի վիճարկման հետ կապված գործողությունները, այդ թվում՝ ներկայացվելու է դիմում ՀՀ Նախագահին՝ ընդունված օրենքները չստորագրելու վերաբերյալ, ներկայացվելու է դիմում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին նշված օրենքների սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ, ինչպես նաև քննարկվելու է մինչև օրենքների կիրառումը ՄԻԵԴ-ին դիմելու հնարավորության հարցը:
2. 2018 թվականի փետրվարի 14-ին, 15-ին և 16-ին հայտարարված բողոքի ակցիաները հետաձգում է:
3. որպես խնդրի լուծման զուգահեռ միջոց ՀՀ արդարադատության նախարարության հետ քննարկելու է դատական տուգանքը փաստաբանների նկատմամբ կիրառելու հնարավորությունը նախատեսող նորմերում՝ փաստաբանի մասնագիտական գործունեության անկախության երաշխիքները (այդ թվում՝ գործը քննող դատավորի կողմից փաստաբանի նկատմամբ տուգանք կիրառելու անթույլատրելիությունը) սահմանելու հարցը։