ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 20-ին ընդունել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիյան Ըրլունին:
Արդարադատության նախարարը շնորհավորել է դեսպանին Չինաստանի նախագահի վերընտրման կապակցությամբ և ընդգծել, որ հայ-չինական բարեկամությունը զարգացնելու մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում նախարար Հարությունյանը դեսպան Ըրլունի հետ քննարկել է իրավական ոլորտում համագործակցությունը խորացնելուն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես, անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանցման և էքստրադիցիայի վերաբերյալ համաձայնագրերի կնքման հնարավորություններին:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել արդարադատության նախարարին ընդունելության համար և հրավիրել մասնակցելու 2018 թվականին Պեկինում կայանալիք միջազգային իրավական համաժողովին:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են արդարադատության ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունն առավել խորացնելու և չափելի արդյունքներ արձանագրելու պատրաստակամությունը: