Գործը վերաբերում է 3 ավիաընկերությունների ներկայացրած բողոքին՝ իրենց տրված օդանավ շահագործողի վկայականների գործողությունը դադարեցնելու մասին 2007 թվականին կայացված որոշմանը։ Դիմումատուները՝ «Տիրամավիա» ՍՊԸ-ն, միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող «Վալան» ՍՊԸ-ն և «Գրիքսոնա» ՍՊԸ-ն, ավիաընկերություններ են՝ գրանցված Մոլդովայի Հանրապետությունում։
Համապատասխան ժամանակահատվածում Եվրամիության հատուկ փորձագետների խումբը ստուգումներ է իրականացրել՝ Մոլդովայում գրանցված ավիաընկերությունների աշխատանքի որակը գնահատելու նպատակով։ Այնուհետև, փորձագետները զեկույց են պատրաստել, որի համաձայն՝ Դիմումատու ավիաընկերությունները չեն համապատասխանել Օդային Տրանսպորտի Միջազգային Աոցիացիայի կողմից ներկայացվող անվտանգության պահանջներին:
2007 թվականի հունիսին Մոլդովայի Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը ծանուցել է Դիմումատուներին՝ Եվրամիության փորձագետների խմբի կողմից իրականացված ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները վերացնելու կարգադրության մասին։ Նույն թվականի հունիսին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը պարզել է, որ եվրոպական որոշ օդանավակայաններ մտահոգություն են հայտնել «Տիրամավիա» ՍՊԸ ավիաընկերության ինքնաթիռների անսարքությունների մասին, իսկ մյուս 2 Դիմումատու ավիաընկերություններն արգելված չվերթներ են իրականացրել վտանգավոր ուղղություններով։ Այնուհետև, Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը գործ է հարուցել 3 ավիաընկերության դեմ և օդանավ շահագործողի վկայականների գործողությունը դադարեցնելու մասին հրաման է արձակել։ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հիմնավորել է իր կայացրած որոշումը նաև այն հանգամանքով, որ ավիաընկերությունները չվերթներ են իրականացրել Մոլդովայից դեպի Իրաք և Աֆղանիստան՝ խախտելով օդային փոխադրումների օրենքով սահմանված կանոնները։
Դիմումատուները բողոք են ներկայացրել իրենց վկայականների գործողությունը դադարեցնելու մասին Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության կայացրած որոշման դեմ, սակայն, ապարդյուն։ Երկու Դիմումատուներն իրենց բողոքի մեջ նաև նշել են, որ Մոլդովայից դեպի Իրաք և Աֆղանիստան օդային փոխադրումները վտանգավոր ճանաչելու և դեպի այդ ուղղություններ չվերթների իրականացումն արգելելու մասին որոշումն ուժի մեջ է մտել 2007 թվականի հուլիսից։ Այնուամենայնիվ, Մոլդովայի ներպետական դատական ատյանները մերժել են Դիմումատուների ներկայացրած բողոքները։
Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի (սեփականության իրավունք) խախտում։
Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ 3 Դիմումատուների նկատմամբ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 Արձանագրության 1-ին հոդվածի խախտում։
Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, Մոլդովան պարտավոր է ոչ նյութական (բարոյական) վնասի համար յուրաքանչյուր Դիմումատուին վճարել 3․000 եվրո գումարի չափով փոխհատուցում և 2․500 եվրո՝ դատական ծախսերի համար։ Վերոգրյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող Պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։