Տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծի հանրային քննարկում

Երևանում սեպտեմբերի 9-ին տեղի է ունեցել «Ընտանեկան բռնության դեմ պայքար. իրականացված աշխատանքներ և հետագա քայլեր» թեմայով հանրային քննարկում: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի բացման խոսքը ներկայացնում ենք ամբողջությամբ. 

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Նախ շնորհակալություն նախարարության կոչին արձագանքելու և այսօրվա քննարկմանը մասնակցելու համար: Վստահ եմ, որ այսօրվա քննարկումը բոլորիս համար օգտակար և հետաքրքիր կլինի:

Մինչ օրենքի նախագծի անհրաժեշտությունը ներկայացնելը, թույլ տվեք շնորհակալություն հայտնել հասարակության բոլոր սրտացավ անդամներին, ովքեր ջանք ու եռանդ չեն խնայել այս հարցի կարևորությունը շեշտադրելու և եղած խնդիրներին հնարավոր լուծումներ առաջարկելու համար: Նրանցից շատերը տարիների ընթացքում հետևողակական աշխատանք են տարել նաև տուժողների պաշտպանության համար:

Նախ պետք է շեշտեմ, որ վաղուց հասունացել է նման օրենք ընդունելու հանրային պահանջը: Պաշտոնապես 2012-2016թթ. Ոստիկանության կողմից գրանցվել է ընտանեկան բռնության 3571 դեպք: Ավելին, ՀՀ քննչական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են հանրապետությունում գրանցված սպանությունների 17 տոկոսը:

Բացի այդ, 2015 թվականի միայն առաջին կիսամյակում անչափահասների սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով հարուցվել է 38 քրեական գործ, որոնցից 47 տոկոսը գործադրվել է ընտանիքի անդամի կողմից:

2017թ. 1-ին կիսամյակում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում գտնվել է ընտանեկան բռության 215 գործ, որոնցից 5-ը՝ սպանության հանցակազմով:

Հարկ է նաև նկատել, որ ընտանեկան բռնությանն ավանդաբար ներհատուկ է լատենտայնության բարձր մակարդակ: Տուժողների մեծ մասը տարբեր սոցիալ-տնտեսական և մշակութային պատճառներով իրավապահներին չի դիմում: Յուրաքանչյուր սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու գործ քննելիս, որը կատարվել է ընտանիքի անդամների միջև, բացահայտվում է այդ ծանր հանցագործությունների նախորդած ընտանեկան բռնության տևական պատմություն:

Հասարակական կազմակերպությունների տվյալներով միայն կանանց շրջանում ընտանեկան բռնության հետևանքով աջակցության համար իրենց դիմած տուժողների թիվը 2016թ. եղել է շուրջ 5000: Այնուամենայնիվ, գործող օրենսդրությունը չի նախատեսում ընտանեկան բռնությանը համարժեք արձագանքելու, զոհերին պաշտպանելու և աջակցելու, ընտանեկան բռնությունը կանխարգելելու արդյունավետ և բավարար գործիքակազմ:

Նման գործառույթներ իրականացնող պետական մարմինների գործունեությունը չի ենթարկվում համակարգային կարգավորման, չի վարվում ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, ոլորտում առկա են մի շարք այլ բացեր ևս: Ընտանեկան բռնության մի շարք մահացու ելքերով դեպքեր հնարավոր կլիներ կանխել, եթե ունենայինք այդ պաշտպանական մեխանիզմները:

Օրենքի ընդունումը նախատեսված է Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող միջոցառումների ծրագրով, ինչպես նաև Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով և կոմիտեի հանձնարարականներով:

Հարգելի գործընկերներ,

Կցանկանայի հատուկ նշել, թե հատկապես ինչ չի սահմանում նախագիծը.

Նախագիծը չի սահմանում ծնողական իրավունքներից զրկելու, այդ իրավունքները սահմանափակելու կամ երեխաների որդեգրման որևէ նոր հիմք ու կարգ: Այս մասով շարունակում են գործել Ընտանեկան օրենսգրքում ամրագրված կարգավորումները:

Մենք չենք գնացել քրեական պատասխանատվության խստացման ճանապարհով և չենք որդեգրել պատժողական քաղաքականություն: Նախագծի նպատակն է, ինչպես երևում է դրա վերնագրից, կանխարգելել և պաշտպանել: Ուստի, նախատեսվող սահմանափակումները կրում են ոչ թե պատժիչ, այլ կանխարգելիչ  բնույթ: Նաև նախատեսված է հաշտարարության և բռնություն գործադրած անձի համար հոգեբանական օգնության հնարավորություն՝ մի կողմից ընտանիքը պահպանելու, մյուս կողմից՝ նոր բռնությունները կանխելու նպատակով:

Նախագիծը նաև սահմանում է՝

– պաշտպանական նոր մեխանիզմներ՝ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների տեսքով:

– տուժողի համար պետության կողմից աջակցության կենտրոնների և ապաստարանների հիմնադրում, աջակցության հաշվեհամարի բացում:

– ընտանեկան բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառում, որի հետևանքով կնվազեցվի դրա լատենտայնությունը և ավելի հստակ պատկերացում կունենանք դրա ծավալների մասին:

 – ընտանեկան բռնության կանխարգելման խորհրդի ձևավորում՝ հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ամուր հիմքերով:

Մեկնաբանություններ