Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի հուլիսի 26-ին ուժի մեջ կմտնի «Մի շարք վարչական իրավախախտումների համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքը:
Հիշյալ օրենքի հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը ձեռնամուխ կլինի այն կատարողական վարույթների կարճմանը, որոնք հարուցվել են 2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը կատարված մի շարք վարչական իրավախախտումների վերաբերյալ Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի հիման վրա: Եթե հիշյալ վարույթներում առկա է արգելադրված գույք, ապա այն կհանվի արգելանքից: Ճանապարհային ոստիկանության կողմից կայացված վարչական ակտերի համարները, որոնց հիման վրա հարուցված կատարողական վարույթները կկարճվեն, ցանկով տեղադրվելու են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքէջում (http://www.harkadir.am):
Տեղեկացնում ենք, որ քաղաքացիների կողմից լրացուցիչ դիմումներ ներկայացնելու անհրաժեշտություն չկա:
Վարույթները կկարճվեն ըստ հերթականության` 2017 թվականի դեկտեմբերի 31-ից հետհաշվարկով մինչև 2012թ հունվարի 1-ը: Գործընթացի գերակշիռ մասը կավարտվի հիշյալ օրենքի ուժի մեջ մտնելուց 3 ամսվա ընթացքում: Նշված ժամկետը պայմանավորված է մոտ 1,5 միլիոն կատարողական վարույթների առկայությամբ: