Վոյկինը և ուրիշներն ընդդեմ Ուկրաինայի 

Դիմումատուները՝ Վալերի Վոյկինը, Մարինա Վոյկինան, Էլեոնորա Շուպնյակը և Վալենտինա Վոյկինան, ազգությամբ ուկրաինացիներ են, ծնվել են համապատասխանաբար 1978, 1984, 1951 և 1948 թվականներին և ապրում են Ուկրաինայի Գորլովկա քաղաքում։

Վալենտինա Վոյկինան մահացել է 2010 թվականի դեկտեմբերին։ Հայցը ներկայացրել է նրա որդին՝ առաջին Դիմումատուն։ Գործը վերաբերում է Դիմումատուների ներկայացրած բողոքներին՝ ծառայությունից դուրս գտնվող ոստիկանության աշխատակցի կողմից կատարած հարձակման, քրեական գործի պատշաճ կարգով հետաքննության բացակայության, առաջին Դիմումատուի անհիմն կալանավորման և ոստիկանների կողմից իրականացված անօրինական խուզարկության վերաբերյալ։

Երկրորդ Դիմումատուն՝ Մարինա Վոյկինան, բողոքել է, որ 2008 թվականի հունիսին նա հարձակման է ենթարկվել ծառայությունից դուրս գտնվող ոստիկանության աշխատակցի կողմից, որը նրա ամուսնու՝ առաջին Դիմումատուի (Վալերիյ Վոյկինի), գործընկերն էր։ Ուկրաինայի ոստիկանությունը և տեղական և տարածքային քննիչները հրաժարվել են քրեական գործ հարուցել իրականացված հարձակման վերաբերյալ՝ ենթադրյալ կասկածյալի դեմ, որը ամբողջովին հերքել է իր դեմ առաջադրված մեղադրանքը։

Առաջին Դիմումատուն հայց է ներկայացրել այն բանից հետո, երբ Ուկրաինայի դատախազությունը 2008 թվականի սեպտեմբերին նրան դատարան է կանչել, սակայն վերջինս չի կարողացել ներկա գտնվել դատական նիստին։ Դիմումատուին ի վերջո կալանավորել են 2009 թվականի հունիսին՝ որպես իրավապահ մարմինների աշխատակից, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական կեղծիքի և կաշառք վերցնելու կասկածանքով։ Կալանավորումից հետո առաջին Դիմումատուն ժամանակավորապես գտնվել է նախնական կալանավայրում։ 2013 թվականի դեկտեմբերին Վճռաբեկ դատարանի որոշմամբ նրան վերջնականապես դատապարտել են վեց տարվա բանտարկության։

Վալերի Վոյկինի գործի հետաքննության շրջանակներում երրորդ և չորրորդ Դիմումատուների բնակարանները նույնպես խուզարկության են ենթարկվել։ Նրանք բողոք են ներկայացրել իշխանություններին, սակայն ապարդյուն։

Դիմումատուները բողոքել են, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում, 5-րդ հոդվածի 1-ին կետի (ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք) խախտում, 8-րդ հոդվածի (անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) խախտում և 13-րդ հոդվածի (իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք) խախտում։

Հաշվի առնելով վերը նշված գործոնները՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը արձանագրել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում Մարինա Վոյկինայի նկատմամբ, 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Վալերիյ Վոյկինի նկատմամբ (նրա կալանավորման վերաբերյալ), 8-րդ հոդվածի խախտում՝ Էլեոնորա Շուպնյակի նկատմամբ (նրա տան խուզարկության վերաբերյալ), 8-րդ հոդվածի խախտում՝ Վալենտինա Վոյկինայի նկատմամբ  (նրա տան խուզարկության վերաբերյալ) և 13-րդ հոդվածի խախտում՝ Վալենտինա Վոյկինայի և Էլեոնորա Շուպնյակի նկատմամբ։

 Դիմումատուների հայցը բավարարելու համար ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ կոնվենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վճիռն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, պատասխանող Պետությունը պարտավոր է  ոչ նյութական (բարոյական) վնասի հատուցման համար վճարել 4.000 եվրո Վալերի Վոյկինին, 5.000 եվրո՝ Մարինա Վոյկինային։ Ուկրաինան պարտավոր է նաև պատճառված գույքային վնասի հատուցման համար Էլեոնորա Շուպնյակին և Վալենտինա Վոյկինային վճարել 2.000 եվրո, 5.950 եվրո գումարի չափով փոխհատուցում Վալերի Վոյկինին, Մարինա Վոյկինային և Էլեոնորա Շուպնյակին միասին՝ դատական ծախսերի համար։

Հետևյալ գումարները պետք է փոխարկվեն պատասխանող պետության արժույթով՝ վճարման ամսաթվի դրությամբ գործող փոխարժեքով։

Մեկնաբանություններ