Սյունիքի մարզում 45-ամյա կինը դանակահարել է համագյուղացուն

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով մեղադրանք է առաջադրվել՝ Որոտան համայնքի 45-ամյա բնակչի սպանության համար:Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 1-ին Սյունիքի մարզի Որոտան համայնքի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ դանակի գործադրմամբ  ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական  վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է  Որոտան համայնքի 45-ամյա բնակիչը։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող հանգամանքները՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 1979թ., վիճաբանության  շարժառիթը:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 18։00-18։30-ի սահմաններում, համայնքապետարանի վարչական շենքի մոտ տուժողը վիճաբանել է համագյուղացու հետ՝ կենցաղային հարցերի շուրջ, ապա պայմանավորվել հանդիպել այլ վայրում։  Ժամը 20:30-21։00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, վիճաբանող կողմերը հանդիպել են  Որոտան գյուղի «Մարկոսյանի աղբյուր» կոչվող տեղանքում, որտեղ վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ 45-ամյա տղամարդն ստացել է կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի 1979թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: