ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով բացահայտվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձը հանիրավի մեղադրվել է պաշտոնեական կեղծիք կատարելու մեջ:
Այսպես, ՀՀ քննչական կոմիտեում քննված քրեական գործով մեղադրյալ Քյարամ Քալաշյանը, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, Հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել, որ Քննչական կոմիտեի քննիչ Աշոտ Բադալյանը իրեն որպես մեղադրյալ հարցաքնելիս հարցաքննության արձանագրությունում մտցրել է կեղծ տեղեկություններ այն մասին, թե, իբր, ինքը առաջադրված մեղադրանքում իրեն լիովին մեղավոր է ճանաչել և խնդրել հնարավորության դեպքում իրեն ենթարկել ավելի մեղմ քրեական պատասխանատվության, մինչդեռ ինքը նման տեղեկություն չի հայտնել:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ք. Քալաշյանը քննիչ Ա. Բադալյանի մոտ որպես մեղադրյալ հարցաքննվել է նախկին պաշտպանի մասնակցությամբ, իսկ հետագայում` պաշտպանի փոփոխությունից հետո, քրեական պատասխանատվությունից խուսափելու նպատակով նոր մարտավարություն է ընտրել` փորձելով հրաժարվել նախկին ինքնախոստովանական ցուցմունքներից: Այդ պատճառով նախաքննական մարմնին սուտ տեղեկություններ է հաղորդել ՀՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ: Ըստ այդմ` որոշում է կայացվել հիշյալ քննիչի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով` պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը, քրեական հետապնդում չիրականացնելու մասին՝ հանցադեպի բացակայության հիմքով: Միաժամանակ Ք. Քալաշյանի կողմից հանցագործության վերաբերյալ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասով՝ hանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է` գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մեկից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: