«Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետեւանք էին»

Արա Բաբլոյանի ելույթը «Սումգայիթյան ջարդեր. հայատյացությունը որպես Ադրբեջանի պետական քաղաքականություն» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ.

«Հարգելի պատգամավորներ,

հարգարժան հյուրեր, տիկնայք եւ պարոնայք,

օրերս լրացավ մեր նորագույն պատմության ամենահիշարժան իրադարձություններից մեկի` Արցախյան շարժման 30-ամյակը: Նախ թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհավորել բոլորիս այս պատմական հոբելյանի առթիվ, որը արմատապես փոխեց մեր ժողովրդի կյանքը Հայաստանում եւ Արցախում: Եւ ծնվեցին երկու հայկական անկախ պետություններ` Հայաստանի Հանրապետությունն ու Արցախի Հանրապետությունը:

Հարգելի բարեկամներ,

արձագանքը, որ Ադրբեջանում եղավ արցախյան ազատագրական շարժմանը, զարմանալի չէր, հաշվի առնելով այն վաղեմի ատելությունը մարդու եւ հատկապես հայի հանդեպ, որ կային մեր հարեւանների միջեւ: Դրանք 30 տարի առաջ ամբողջությամբ բացահայտվեցին Ադրբեջանի հայաբնակ Սումգայիթում: Պետական մակարդակով կազմակերպված եւ կատարված հանցագործության արդյունքում դաժանորեն սպանվեցին կամ վիրավորվեցին հայազգի հարյուրավոր բնակիչներ: Մեր բազմաթիվ հայրենակիցներ բռնի տեղահանվեցին ու ունեզրկվեցին: Բռնություններն ու սպանություններն այնուհետեւ շարունակվեցին հայաբնակ Բաքվում, Գանձակում եւ Խորհրդային Ադրբեջանի տարածքում հայտնված այն բոլոր բնակավայրերում, որտեղ ապրում էին ազգությամբ հայեր:

Սումգայիթում, Բաքվում իրականացված ցեղասպանական գործողություններն ադրբեջանական բացահայտ հայատյացության հետեւանք էին, որոնք այսօր էլ պատշաճ քաղաքական, իրավական ու բարոյական գնահատականի չեն արժանացել միջազգային հանրության եւ համապատասխան ատյանների կողմից: Մեր ժողովուրդը, անշուշտ, իր գնահատականն ու պատասխանը տվել է Արցախի ազատագրումով, ինքնիշխանության հռչակումով, անկախ պետություն կառուցելով: Սակայն ավելի քան երեք տասնամյակ առաջ կատարված ոճրագործությունները չպետք է քաղաքակիրթ աշխարհի համար մնան որպես պատմության անցած ու փակված էջեր: Սումգայիթում եւ Բաքվում հայերի նկատմամբ իրականացված վայրենությունների ու ջարդերի վերաբերյալ փաստագրական բազան գուցե ծավալով ավելի քիչ է, քան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նացիստների գործողությունների մասին փաստերը: Սակայն այն հաստատ պակաս ազդեցիկ չէ, մանավանդ որ ադրբեջանական ֆաշիզմն իր ատելությամբ ու դաժանությամբ գերազանցում է հիշյալ ժամանակահատվածի հիտլերյան ֆաշիզմին:

Սումգայիթի եւ Բաքվի հայկական ջարդերը սպասում են իրենց լիարժեք գնահատականին, իսկ Ադրբեջանից բռնագաղթած բազմաթիվ հայ փախստականները եւ նրանց ժառանգները` արդար դատի»:

Մեկնաբանություններ