«Կատարվեց էն, ինչը պետք ա չլիներ». կնոջը, զոքանչին և աներոջը կացնահարած տղամարդը դեպքից մանրամասներ է ներկայացնում

Այսօր Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում շարունակվեց կնոջը, զոքանչին և աներոջը կացնահարած 32-ամյա Վլադիկ Մարտիրոսյանի գործով դատական նիստը: Նիստը նախագահում էր դատավոր Դավիթ Բալայանը:

2016թ. հուլիսի 8-ին ժամը 01:00-ի սահմաններում, Վլադիկ Մարտիրոսյանը Երևան քաղաքի Ս.Տարոնցի նրբանցքի 7-րդ շենքի բակում իր մանկահասակ երեխային` 31.10.2015թ. ծնված Նորայր Մարտիրոսյանին տեսակցելու հարցի շուրջ հերթական անգամ կնոջ, աներոջ, զոքանչի հետ վիճաբանելուց հետո, կացնի բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջիններիս գլխին և մարմնի այլ մասերին՝ պատճառելով տարբեր աստիճանի ծանր վնասվածքներ, ինչի արդյունքում զոքանչը՝ 58-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել է, իսկ Թագուհի և Վաչագան Մանսուրյանները տեղափոխվել են հիվանդանոց:

Այսօրվա դատական նիստին ներկայացել էին Թագուհի և Վաչագան Մանսուրյանները, նրանց պաշտպան Ինեսսա Պետրոսյանը, դատախազ Արսեն Մարգարյանը, ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը և վերջինիս համար հանրային պաշտպան նշանակված Լիանա Գասպարյանը:

Նիստը սկսվեց ամբաստանյալ Մարտիրոսյանի հարցաքննությամբ, որը դատավորի առաջին իսկ հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, պատասխանեց, որ չի կարող բացատրել այդ պահը:

«Կատարվեց էն, ինչը պետք ա չլիներ: Չեմ կարող բացատրել դեպքի մանրամասները, քանի որ չեմ հիշում, չեմ զգացել ինչ եմ անում: Երբեք միտք չեմ ունեցել գնամ և վնաս հասցնեմ Թագուհուն կամ նրա ընտանիքի անդամներին: Էս ամեն ինչը եղավ շատ հանկարծակի: Ես ոչ մի դիտավորություն չեմ ունեցել սպանելու նրանցից և ոչ մեկին: Ես զղջում եմ կատարվածի առիթով»,-ասաց մեղադրյալը:

Ըստ մեղադրյալի ցուցմունքի՝ ամուսնացել է 2014թ., ունեցել են մեկ տղա երեխա,  որն էլ կնոջ հետ բնակվել է աներոջ տանը, սակայն մշտական վեճերի և տարաձայնությունների պատճառով ամուսնալուծվել են:

«Դատարանը թույլատրել էր տեսնել երեխայիս, բայց Թագուհին և ծնողներն անընդհատ խոչընդոտել են: Տեսակցությունները հիմնականում ուղեկցվել են վիճաբանություններով և հայհոյանքներով: Ոչ մի իրավական ուժ չէր կարողանում այս հարցին լուծում տալ, մինչև կատարվեց այս չարաբաստիկ դեպքը»,-պատմում է մեղադրյալը:

Վլադիկ Մարտիրոսյանը դատարանին հայտարարեց, որ իր մոտ կացին չի եղել, այդ իրը եղել է աներոջ՝ Վաչագան Մանսուրյանի մոտ, երբ դեպքի օրը վիճաբանության ժամանակ դուրս է եկել բնակարանից:

Հանրային պաշտպան Գասպարյանի այն հարցին, թե ինչպե՞ս է նրա ձեռքում հայտնվել կացինը, և ի՞նչ գործողություններ է տեղի ունեցել, ամբաստանյալը հայտնեց, որ չի կարող պատասխանել, թե ինչ գործողություններ են տեղի ունեցել: Պաշտպանը փորձեց հստակեցնել պատասխանը՝ «Չեք կարո՞ղ, թե՞ չեք ցանկանում»:

«Չեմ կարող, քանի որ չեմ հիշում, թե ում ոնց եմ հարվածել, ուղղակի կացինը վերցրել եմ Վաչագան Մանսուրյանի ձեռքից: Այդ օրը գիշերը ժամը 01:00-ի սահմաններում եղել եմ Թագուհու ծնողների տան բակում, քանի որ չեմ կարողացել տեսնել որդուս, ուզում էի գոնե ձայնը լսեի»,-հիշում է Վ․ Մարտիրոսյանը:

Լիանա Գասպարյանից հետո մեղադրյալ Մարտիրոսյանին հարցեր ուղղեց դատախազ Մարգարյանը, որը փորձեց դեպքի մանրամասները ճշտել:

«Որդիս քնած էր սկզբից, ապա արթնացավ և սկսեց անհանգիստ լաց լինել: Ես չէի կարող թողնել ու գնալ, երբ տղաս լացում էր: Նորից վիճաբանություն սկսվեց, Թագուհին և նրա մայրը գնացին Շենգավիթի ոստիկանական բաժին: Այդ ժամանակ ես իմ մեքենան, որը պատկանում էր հարակից տարածքի տաքսի սերվիսին, տարա և կանգնեցրի սերվիսին պատկանող տարածքում: Որոշ ժամանակ անց տուն վերադարձան մայր և աղջիկ, ես գիտեի, որ շուտով ոստիկանները կգան, դրա համար ցանկացա բարձրանալ 2-րդ հարկ՝ խուսափելու նոր տարաձայնություններից, սակայն, շքամուտքի աստիճանների մոտ լույսի շող նկատեցի, հետո տեսա, որ Վաչագանն է, կացինը ձեռքին մոտենում է ինձ, ես վերցրի կացինը և այդ գոռգոռոցների մեջ էլ ոչինչ չեմ հիշում»,- պատմեց մեղադրյալը:

Հետագա հարցերին ամբաստանյալը հրաժարվեց պատասխանել: Դատախազը հայտնեց, որ, չնայած դեռ շատ հարցեր ունի, կլռի, քանի որ Վլադիկը հրաժարվում է պատասխանել: Մեղադրյալին իր հարցերը փորձեց ուղղել տուժողի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը․ դրանք ևս մնացին անպատասխան:

Նիստերի դատավարական դահլիճում գտնվող Վաչագան Մարտիրոսյանի անընդհատ ընդհատելը բարկացրեց դատավոր Բալայանին: Վերջինս զգուշացրեց, որ եթե շարունակի տեղից խոսել, ապա դատավարական դահլիճից կհեռացնի նրան:

Հարցեր ուղղելու հերթը հասավ տուժող Թագուհի Մանսուրյանին, որի հարցերը հիմնականում կապված էին նրանց որդու հետ: Ամբաստանյալը հուզական նոպա ունեցավ: Այդ ժամանակ նորից տեղից խոսեց Վաչագան Մանսուրյանը: Դատավորը սանկցիա կիրառեց վերջինիս նկատմամբ՝ 2 ժամ հեռացում դատական դահլիճից:

Ամբաստանյալ Մարտիրոսյանը խնդրեց դատավորից 5 րոպե ընդմիջում հայտարարել:

Ընդմիջումից հետո դատավոր Բալայանը հարց ուղղեց Մարտիրոսյանին՝ խնդրելով պարզաբանել՝ ընդունո՞ւմ է իրեն առաջադրված մեղադրանքը:

«Ես չեմ ընդունում առաջադրված մեղադրանքը: Այո՛, ես կատարել եմ այդ գործողությունները, բայց որակավորումը և պատիժը թողնում եմ դատարանին: Դուք որոշեք, թե Թագուհին և իր ծնողները որքանով են մեղավոր այս դեպքի առիթով»,- նշեց ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը:

Դատավորը որոշեց նիստը հետաձգել և գործի քննությունը շարունակել նոյեմբերի 1-ին:

Նիստի ավարտից հետո խոսեցինք Վաչագան Մանսուրյանի հետ, որը մեզ հետ զրույցում նշեց, որ դատավորի կողմից սանկցիայի կիրառման մեջ միտում է տեսնում․ «Արդեն 2 դատական նիստ է, ինձ չեն թողնում, որ արտահայտվեմ: Այնինչ, ամենաշատ տեղեկությունները և մանրամասները ես կարող եմ հաղորդել, քանի որ դեպքի վայրում եմ եղել: Նո՞ր է հիշում որդու մասին: 6 ամիս պահել եմ իմ տանը, թոռանս ծնվելիս կողքը չի եղել, 2 ամիս հետո է ծննդյան վկայական հանել, հրաժարվում էր նրանից, հիմա էլ եկել, սիրող հայր ա խաղում»:

Դատական նիստերի դահլիճում էին գտնվում, իրենց խոսքով գործի քննության հետ կապ չունեցող մարդիկ, որոնք մինչև նիստի ավարտը մնացին դահլիճում:

Նյութը՝ Ռոզա Վարդանյանի