Սեֆիլյանի գործով ցուցմունք տվեց ‹‹Սասնա ծռեր›› խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը

Երևանի ընդահնուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում Սեֆիլյանի և մյուսների գործով ցուցմունք տվեց ‹‹Սասնա ծռեր›› խմբի անդամ Պավլիկ Մանուկյանը: Վերջինս դատարանին հայտնեց, որ ինքը Հայաստանում չի տեսնում դատարան և այդ առումով՝ ունի հստակ դիրքորոշում, սակայն կպատասխանի պաշտպանների հարցերին:

Դատարանը նրան կոչ արեց կոռեկտության սահմաններում խոսել, ինչին ի պատասխան Պավլիկ Մանուկյանն ասաց. ‹‹Եթե դիմացս կին չլիներ նստած, ես ձեզ կոռեկտության սահման ցույց կտայի››:

Նախքան հարցաքննության սկսվելը՝ Ժիրայր Սեֆիլյանը և Գևորգ Սաֆարյանը՝ իրենց պաշտպանների միջնորդության համաձայն, վերադարձվեցին դատական նիստերի դահլիճ:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի և Գևորգ Սաֆարյանի նկատմամբ դատարանը կիրառել էր սանկցիա՝ դատական նիստերի դահլիճից հեռացնելով:

Պավլիկ Մանուկյանը, պատասխանելով պաշտպանական կողմի հարցերին, հայտնեց, որ իրենք երբեք նպատակ չեն ունեցել զանգվածային անկարգություններ կատարելու, իշխանություն զավթելու և բռնություն գործադրելու. ‹‹Նախ միտինգը քաղաքապետարանի կողմից թույլատրված է եղել, մենք Ժ. Սեֆիլյանի հետ միասին մեր ողջ երիտասարդությունը զոհաբերել ենք հայրենիքի ինքնապաշտպանության և հայ ժողովրդի համար, ինչպե՞ս թույլ կտայինք զանգվածային անկարգություններ: Սերժ Սարգսյանը էշ-էշ տուֆտեց ընկավ կրակը, էս ժողովրդին էլ հետը քցեց կրակը: Հասկանալի է, որ այս իշխանություններն ինչ ուզում են՝ նկարում են, ինչ ուզում են փոխում են: Այս իշխանությունը պետական դավաճանության քաղաքականություն է վարում: Ինչպե՞ս կարող է ազգի զինվորը ցուցաբերել բռնություն։ Մենք դեմ էինք բռնությանը››:

Դատավորը նորից ընդհատեց Պավլիկ Մանուկյանին՝ հայտնելով, որ ցուցաբերի կոռեկտություն:

‹‹Քեզ ինչպես դիմեմ սիրելիս››,- դատավորին դիմեց Մանուկյանը, ինչին ի պատասխան դատավորը հայտնեց՝ ‹‹Նախագահող դատավորին դիմում են հարգելի դատարան››,- ‹‹Եթե դու Սեֆիլյանի պես մեծությանը ամբաստանյալ ես համարում, ապա ես մեր հանրապետությունում հարգելի դատարան բառը չեմ տեսնում: Ես նույնիսկ շատ սիրալիր եմ գտնվում քո հանդեպ, աղջիկ ջան››,- ասաց Պավլիկ Մանուկյանը:

Խոսելով իր բնակարանում կատարված խուզարկության մասին՝ Մանուկյանը հայտնեց, որ իրենց տուն ներխուժել են մոտ 11 հոգի, սկսել են խուզարկել բնակարանը, տեղում վերցրել են կապի բոլոր միջոցները և ինքը գտնվել է այդ ընթացքում հատուկ հսկողության տակ. ‹‹Տպավորությունն այնպիսին էր, ոնց որ Էրդողանի թիկնապահները ներխուժել էին ներս››:

Այնուհետև Պավլիկ Մանուկյանն անդրադարձավ Ժիրայր Սեֆիլյանին և նրան առաջադրված մեղադրանքներին։ Վերջինս նշեց, որ Սեֆիլյանը պարզապես խանգարում էր որոշ մարդկանց, իսկ սադրիչ ելույթներ երբեք չեն հնչել:

 ‹‹Եթե դուք համարում եք սադրիչ այն ելութները, որով մենք ասում ենք, որ պատրաստ ենք գնալու և հայրենիքի բռնագրաված տարածքները ետ վերադարձնելու, խնդրեմ, կարող եք դրանք սադրիչ անվանել: Եթե սադրիչ եք համարում այն ելույթը, որով մենք ասում ենք, որ մենք պատրաստ ենք երիտասարդ տղաներին դիրքերից հանել և մենք՝ հին ազատամարտիկներս այնտեղ մնալ, ուրեմն կարող եք դրանք սադրիչ անվանել: Կարելի՞ է մի մարդու այդպիսի ստոր մեկնությամբ որակել, որն առ այսօր իր հայրենիքի յուրաքանչյուր մետրի համար դողում է այնպես, ինչպես ամեն մի զինվորի մայր: Հայաստանում մարդու իրավունք հասկացություն չկա: Դուք տեսնում եք, որ մեր դատարանները հանդիսանում են այն թունավոր պորտալարը, որը ժողովրդի ազնիվ նպատակները սպանում է և սնուցում է այս գիշատիչի փորը››,- ասաց Մանուկյանը:

Այնուհետև Պավել Մանուկյանը մոտավորապես 1 ժամ անընդմեջ պատմում էր իր և Ժիրայր Սեֆիլյանի անցած ուղու մասին, վերհիշում, թե  ինչպիս  տարածքներ են կարողացել ետ գրավել և ինչպիսի հրամանատար է եղել Ժիրայր Սեֆիլյանը. ‹‹Հերոսներն այդպիսին պիտի լինեն, պիտի ճառագեն: Դուք ձեր զավակների վահանն եք հանել և բերել այստեղ:  Երբեք չէի մտածի, որ այս մասին պետք է այստեղ խոսեմ և այսպիսի պատվի արժանանամ: Դուք էս ինչի՞ մեջ եք մեղադրում էս մարդուն, ձեզ ինչի՞ տեղ եք դրել››:

Նշենք, որ Պավել Մանուկյանի այս պատմությունը լուռ լսում էր ամբողջ դահլիճը, ինչպես նաև դատավորն ու մեղադրող կողմը: Պավել Մանուկյանին հոտնկայս հարցեր ուղղեց նաև Գևորգ Սաֆարյանը, այն դեպքում, երբ բազմաթիվ անգամ հեռացվել էր նիստերի դահլիճից՝ դատավորին նստած տեղից դիմելու համար:

Ցուցմունք տալուց հետո Պավլիկ Մանուկյանը ցանկացավ արտահայտվել, սակայն դատավորը նրան թույլ չտվեց։

‹‹Էս ի՞նչ էր, եղավ հանդիպում սառցե թագուհին և հալից ընկած ասպետը››,- այդպես որակեց դատավորի  հետ հանդիպումը Պավլիկ Մանուկյանը:

Այնուհետև նիստերի դահլիճ բերվեց ‹‹Սասնա ծռեր››-ի անդամ Վարուժան Ավետիսյանը, սակայն վերջինս հրաժարվեց մոտենալ ամբիոնին և կանգնած ցուցմունք տալ:

‹‹Ես պարտավոր եմ լինել ՀՀ քաղաքացի, և որպես քաղաքացի զինված ապստամբություն եմ բարձրացրել: Կոչ եմ անում մեր ժողովրդին նորից դիմել ապստամբության և ազատվել այս կախյալ վիճակից››,- իր խոսքում նշեց Վարուժան Ավետիսանը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մի քանի անգամ նախազգուշացրեց Վարուժան Ավետիսյանին, որպեսզի ցուցմունք տա ոտքի կանգնած, սակայն վերջինս հրաժարվեց, ինչի համար դատավորը որոշեց նրան հեռացնել դատական նիստերի դահլիճից:

Փաստաբան Տիգրան Եգորյանն էլ միջնորդեց վերանայել որոշումը և Ավետիսյանին վերադարձնել նիստերի դահլիճ, սակայն դատավորը մերժեց այն:

‹‹Վարուժանին հեռացնելով դուք ոտնահարում եք մեր իրավունքները, այլ ոչ թե Վարուժանի: Մենք նրան հարցեր ունենք տալու››,- այս մասին էլ ասաց Գևորգ Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սիմոնի Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երևան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով և վնասելով, ինչպես նաև իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, սկսած 2014 թվականի մայիսից կատարել է դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ, բացի այդ, 2015 թվականի նոյեմբերից մինչև 2016 թվականի մայիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել և փոխադրել հրազեն և ռազմամթերք, նպատակ ունենալով զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով զավթել և պահել ռազմավարական նշանակության շենքեր, շինություններ, սակայն իր կամքից անկախ հանգանամքներով ավարտին չի հասցվել:

Մեկնաբանություններ