«Ես պաշտպանվելու կարիք չունեմ, քանի որ հանցանք չեմ կատարել». Սամվել Բաբայան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավորներ Մանուշակ Պետրոսյանի, Մխիթար Պապոյանի և Սևակ Համբարձումյանի նախագահությամբ շարունակեց Հայաստան «Իգլա» զենք տեղափոխելու և փողերի լվացման մեղադրանքով 6 տարվա ազատազրկման դատապարտված՝ Սամվել Բաբայանի վերաքննիչ բողոքի քննությունը, որով նա պահանջում է բեկանել Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վերոնշյալ որոշումը:   

Սամվել Բաբայանի շահերի պաշտպան, փաստաբան Արտաշես Քալաշյանը այսօրվա նիստում շարունակեց ներկայացնել բողոքը, ըստ պաշտպանի՝ Բաբայանի՝ «Իգլա»-ի հետ առնչությունը կայացել է միայն նրանում, որ նա զենքի լուսանկարի վերաբերյալ կարծիք է հայտնել:

«Բաբայանից կարծիքը լսելուց հետո, որ զենքից մասեր են պակասում, Սանասար Գաբրիելյանը, որը, ինչպես ինքն է նշել, ցանկացել է զենքը բանակին նվիրաբերել, սակայն ինքնակամ հրաժարվել է զենքը գնելուց»,-ասաց պաշտպանը, հավելելով, որ հանցակազմի տարրեր վերջինիս արարքում բացակայում են:

Նա նաև հավելեց՝  նույնիսկ Բաբայանի հեռախոսային գաղտնալսումները  չեն հիմնավորում նրա մեղադրանքը. «Գործով չկա որևէ հավաստի ապացույց, որ  ե՞րբ և ինչի՞ համար է Սանասարին դրդել զենք գնել: Չկա որևէ ապացույց, որ հենց Սամվել Բաբայանն է այդ 50000-ը վճարելու»:

Քալաշյանը նշեց, որ Սամվել Բաբայանի անմեղությունը հաստատվում է ներկայացված ձայնագրություններվ:

Անդրադառնալով փողերի լվացման դրվագին Ավետիս Քալաշյանը, որ Ինտերպոլի տրամադրած տվյալների համաձայն՝ նշված թղթադրամները հանված են պաշտպանիչ ներկանյութեր պարունակող բանկոմատից.

«Այդ թղթադրամները եղել են Եվրոպոլի պահոցում և ստուգումների արդյունքում որևէ համընկնում չի գրանցվել: Սամվել Բաբայանը հենց սկզբից հայտնել է , որ իր ծանոթ Վասիլին Մոսկվայում իրեն պարտք է եղել: Նա առաջարկել է հինգ հազար եվրո վերադարձնել պարտքից, սակայն ասել է, որ դրանք ներկոտված են: Վասիլին մի քանի թղթադրամ է ուղարկել, որը Բաբայանի իր ծանոթ Կարենի միջոցով ուղարկել է բանկ պարզելու՝ դա իսկական թղթադրամ է, թե՝ ոչ: Երբ պարզվել է, որ թղթադրամները իրական են նա Վասիլիին ասել է, որ ուղարկի գումարը: Ներկոտած թղթադրամները փոխանակելու դեպքում բանկերը կարող էին մինչև տաս տոկոս պահում անել, այդ պատճառով էլ նա դիմել է մարդու, ով քիմիական միջոցներով կարող էր մաքրել թղթադրամները: Բաբայանը տվել է Վասիլիի, Տիգրան Մնացականյանի անունները, որոնք այդպես էլ չեն հարցաքննվել: Թղթադրամների ներկոտված լինելու երեք վարկած կա ըստ ինտերպոլի, որից միայն մեկն է ներկայացրել պետական մեղադրողը»,-ասաց Ավետիս Քալաշյանը:

Քալաշյանի խոսքով՝ փողերի լվացման գործով նախ պետք էր ապացուցել, որ այն գումարը, որը գործով իրեղեն ապացույց է ճանաչվել, անօրինական ճանապարհով է ձեռք բերվել, ինչը չի արվել:

Ավետիս Քալաշյանի խոսքով՝ թեև նման ապացույց ձեռք չի բերել, այնուամենայնիվ, եթե անգամ  դա այդպես լիներ, միևնույն է՝  նախաքննություն իրականացնող մարմինը չունի որևէ ապացույց այն մասին, որ  Սամվել Բաբայանը տեղյակ է եղել, թե ինչ ճանապարհով է ձեռք բերվել այդ գումարը. «Նախաքննական մարմին ինքն էլ չի իմացել, թե ինչ թղթադրամներ են դրանք»:

Սամվել Բաբայանն էլ Վերաքննիր բողոք բերելու վերաբեյալ հայտնեց, որ դատարանը պետք է առաջնորդվի փաստերով, այլ ոչ թե ենթադրություններով. «Ես պաշտպանվելու կարիք չունեմ, քանի որ հանցանք չեմ կատարել»,-հայտարարեց նա:

 Սամվել Բաբայանը հիշեց գործով վկա Հրաչյա Մայիլյանին, ասելով, որ  նա ավելի ծանր մեղադրանքով ազատության մեջ է, իսկ ինքը՝ ավելի թեթև հանցագործությունով նստած:  Հիշեցնենք, որ Հրաչյա Մայիլյանն է ԱԱԾ-ին հանձնել զենքը և պատմել, թե ինչպես է այն ձեռք բերել:

 Վերաքննիչ բողոք ներկայացրեց նաև Արմեն Պողոսյանի պաշտպան Վիկտորյա Կիրակոսյանը:

Վերաքննիչ բողոք ներկայացնելիս Վիկտորյա Կիրակոսյանը նշեց, որ գործով իրեղեն ապացույց ճանաչված խողովակն ԱԱԾ-ի կողմից հայտնաբերվելուց առաջ Արմեն Պողոսյանն արդեն իսկ հրաժարված է եղել այն ձեռք բերելուց և այդ մասին հայտնել է Հրաչյա Մայիլյանին: Ըստ Կիրակոսյանի՝ Արմեն Պողոսյանը ինքնակամ հրաժարվել է զենք ձեռք բերելու իր մտադրությունից, որի պարագայում, օրենքով սահմանված կարգով՝ ենթակա չէ քրեական պատասխանատվություն:

Արմեն Պողոսյանի խոսքերով՝ Սանասարը  նպատակ է ունեցել օգնել բանակին, ինքն էլ կարծել է, որ կարող է ինչ-որ բանով օգնել.  «Մտածում էի, որ դա նվիրաբերություն է, ուստի հանցանքի մասին խոսք չէր կարող լինել»,-ասաց նա:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 9-ին: