Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբավորման 10 անդամների գործով դատավարությունը:
Դատական նիստի ընթացքում մեղադրող կողմն ընթերցեց Արայիկ Խանդոյանի մեղադրական եզրակացությունը, որի բովանդակությունը բարկացրեց Խանդոյանին, վերջինս սկսեց հահոյել մեղադրող դատախազին՝ ‹‹Այ ոչխարներ, այ տականքներ›› անվանելով:
Դատավորը Խանդոյանին նախազգուշացրեց, որպեսզի կարգը չխախտի և զերծ մնա նման արտահայտություններից, ինչին ի պատասխան Խանդոյանն ասաց՝ ‹‹Էս ոչխարներն են կարգը խախտում: Ես ամոթ եմ անում ձեր համար, դո՞ւք եք մեր ազգը ներկայացնողը››: Խանդոյանի խոսքը շարունակեց Պավլիկ Մանուկյանը՝ հայտնելով, որ իրենց ոչ մեկը չի կարող լռեցնել. ‹‹Մենք ծուռ ենք հենց տակից: Էս սատանի կտակարանը մեր արածի հետ ի՞նչ կապ ունի››:
‹‹Ընկեր Մակյան ցավալին էնա, որ մենք նստում ենք ու էս բարբաջանքներն ենք լսում: Մենք էլ չենք կարող լսել››,- հայտնեց Արայիկ Խանդոյանը և վեր կացավ տեղից, որից հետո խառանաշփոթ առաջացավ դատարանում, բոլորը սկսեցին ոտքի կանգնել, բղավել, ինչի պատճառով դատավորը 10 րոպե ընդմիջում հայտարարեց:
Մեղադրական եզրակացությունների ընթերցումից հետո «Սասնա ծռեր»-ի անդամները հայտնեցին իրենց դիրքորոշումը մեղադրական եզրակացության վերաբերյալ:
«Սասնա ծռեր»-ից Պավել Մանուկյանը հայտնեց, որ մեղադրական եզրակացությունում չկա ոչ մի բառ ապստամբության իրավունքի վերաբերյալ:
‹‹Ես, որ մտնում եմ դատարան թուրքի հոտ եմ առնում: Ես իմ երկրի զինվորն եմ, դուք ինձ մեղադրում եք պատանդ պահելու մեջ: Մի մարդ, որ իր կյանքն է տվել հայ ժողովրդին, ինչպե՞ս կարող է պատանդ պահել: Դուք պատանդ բառի իմաստը գոնե գիտակցո՞ւմ եք: Պետական բոլոր՝ գրված և չգրված հանցանքները, ներկայիս մեր իշխանությունը վաստակել է: Դուք չեք կարող դատավոր լինել մի ժողովրդի, որը կանգնած է ցեղասպանության առաջ: Ձեր խիղճն էլ է ցեղասպանված, ես ձեր աչքերի մեջ տեսնում եմ լուռ տառապանք՝ մի ենթարկվեք: Ինչո՞ւ չեք բերում իսկական հանցագործներին դատարան: Եթե դուք փորձեք մեզ մեղադրել՝ հիշե՛ք, որ մենք ժողովրդի ձայնն ենք: Մենք մեր ապստամբությամբ, մեր ժողովրդից խլած երկիրն ենք ուզում ետ բերել և բերելու ենք: Եթե իմ ժողովուրդը կգտնի, որ ես հանցագործ եմ, ապա՝ Ազատության հրապարակում, իմ ձեռքերով ինձ խարույկ կբարձրացնեմ››,- իր խոսքում ասաց Պավլիկ Մանուկյանը:
Նշենք, որ այս ընթացքում Արայիկ Խանդոյանը անընդհատ խոսում և միջամտում էր Մանուկյանին, երբեմն էլ վիրավորանքներ հասցնում մեղադրող կողմին, ինչի համար դատավորը որոշեց նրան հեռացնել նիստերի դահլիճից, մինչև բոլոր ամբաստանյալները կարտահայտեն իրենց դիրքորոշումը մեղադրական եզրակացության վերաբերյալ:
Այնուհետև իր դիրքորոշումը հայտնեց Վարուժան Ավետիսյանը. ‹‹Իմ ընկերները և ես իրականացրել ենք սրբազան ապստամբության իրավունքը, և դա պետք է ավելի շուտ անեինք››, Մխիթար Ավետիսյանն էլ ավելացրեց, որ 10 անգամ ընթերցված մեղադրական եզրակացությունը ոչ մի կապ չունի «Սասնա ծռեր»-ի բարձրացրած ապստամբության հետ:
‹‹Մեղավոր եմ նրա համար, որ մինչև վերջ չեմ գնացել››,- այս մասին էլ ասա Էդվարդ Գրիգորյանը: «Սասնա ծռեր»-ի մյուս անդամները ևս հայտնեցին, որ չեն ընդունում առաջադրված մեղադրանքը:
Այնուհետև իր դիրքորոշումը հայտնեց Արայիկ Խանդոյանը, վերջինս սկսեց անպարկեշտ արատահայտություններ և հայհոյանքներ օգտագործել, ինչը դուր չեկավ դատախազ Չախոյանին, վերջինս խնդրեց դատարանին զսպել Խանդոյանին. ‹‹Ես ավելի վատ բառեր կարող եմ ասել››: Դատավորը հորդորեց Խանդոյանին վիրավորական արտահայտություններ չանել:
«Սասնա ծռեր»-ի դիրքորոշումները լսելուց հետո, քննարկվեց, թե ինչ հերթականությամբ պետք է կատարվի ապացույցների հետազոտումը:
Դատավոր Մեսրոպ Մակյանը որոշեց առաջինը հետազոտել գրավոր ապացույցները, ձայնագրությունները, այնուհետև վկաների հարցաքնությունները, իրեղեն ապացույցների հետազոտումը և ամբաստանյալների հարցաքննությունը:
Արայիկ Խանդոյանի պաշտպան Արայիկ Պապիկյանն էլ միջնորդեց գրավոր ապացույցները հրապարակել հաջորդ դատական նիստին, քանի որ այս պահին իրենք չունեն համապատասխան փաստթղթեր:
Հաջորդ դատական նիստը կկայնա դեկտեմբերի 13-ին: