Քիչ առաջ ՀՀ Վճռաբեկ դատարանը Սերժիկ Ավետիսյանի նախագահությամբ որոշեց մասնակի բավարարել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շահերի պաշտպան Ավետիս Քալաշյանի բողոքը։
Վճռաբեկ դատարանը որոշեց գործն ուղղարկել Առաջին ատյանի դատարան՝ կրկին դատաքննության, իսկ Սամվել Բաբայանի խափանման միջոցը փոխվեց ԱԺ պատգամավորների երաշխավորությամբ։
Ազատ արձակվեցին նաև սույն գործով մյուս ամբաստանյալներ Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը։
Պաշտպանական կողմը նշում է, որ մեղադրանքներն անհիմն են և Վճռաբեկից պահանջում են արդարացման դատավճիռ։
Մինչդեռ մեղադրող Արամ Արամյանն այսօր հայտարարեց, որ թե՛ Առաջին ատյանի, և թե՛ Վերաքննիչ քրեական դատարանը արդարացի որոշում է կայացրել։
Նշենք, որ Բաբայանի ազատ արձակման համար երաշխավորել են ԱԺ 15 պատգամավոր։
Հիշեցնենք, որ դատարանի վճռով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման՝ մի խումբ անձանց դրդելու ձեռք բերել, փոխադրել և պահել ապօրինի ռազմամթերք՝ «Իգլա» զենիթահրթիռային համալիրը, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված եվրո թղթադրամներ մեղադրանքով:
Հավելենք, որ Վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի որոշումը թողել էր անփոփոխ։