Լ․Գ․-ն ընդդեմ Բելգիայի

Դիմումատուն՝ Լ․Գ․-ն, ազգությամբ իտալացի է, ծնվել է 1964 թվականին, բնակվում է Բելգիայի Բրյուսել քաղաքում։ Գործը վերաբերում է Դիմումատուի ներկայացրած բողոքին՝ ոստիկանության բաժնում աշխատակիցների կողմից խոշտանգումների ենթարկվելուն։

2008 թվականի մարտին Դիմումատուն դիմել է Բրյուսել քաղաքի ոստիկանության բաժին՝ բողոք հանձնելու նպատակով։ Դիմումատուն բողոքել է իր նախկին կողակցի դեմ՝ իր վրա հարձակում գործելու և խոսքով ու գործողություններով վիրավորանք հասցնելու համար։ Ոստիկանության աշխատակիցներից մեկը գրանցել է Դիմումատուի բողոքը, իսկ մյուս 2 աշխատակիցներն ուղեկցել են Դիմումատուին նրա նախկին կողակցի խանութ-սրահ՝ օգնություն ցուցաբերելու և հանգստացնելու համար։

Ոստիկանության բաժին վերադառնալու ճանապարհին Դիմումատուի և ոստիկանների միջև բուռն վեճ է բռնկվել։ Դիմումատուն դժգոհություն է հայտնել իր ներկայացրած բողոքը քննելու վերաբերյալ ոստիկանի հայտնած դիրքորոշման և պատասխանի մասին։ Դիմումատուի խոսքերով՝ ոստիկանության 4 աշխատակիցներն իրեն ուժգին հարվածներ են հասցրել, երբ նա հրաժարվել է լքել ոստիկանության բաժինը։ Նույն օրը, երեկոյան ժամը 15։00-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում ոստիկանության աշխատակիցները տեղափոխել են Դիմումատուին բանտախուց՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ ուժգին դիմադրություն ցուցաբերելու համար։ Բանտախցից ազատ արձակվելուց հետո Դիմումատուն այցելել է հիվանդանոց։ Մոտավորապես ժամը 21։30-ին Դիմումատուն խորհրդակցել է հերթապահ բժիշկի հետ։ Վերջինս Դիմումատուին դեղատոմս է դուրս գրել և հիվանդության պատճառով 4 օրով արձակուրդ է տրամադրել։ Հետագայում, արձակուրդի ժամկետը երկարաձգվել է լրացուցիչ 4 օրով։

Դիմումատուն բողոք է ներկայացրել ոստիկանության 4 աշխատակիցների դեմ։ Հիմք ընդունելով Դիմումատուի ներկայացրած դիմումը՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել։ Այնուհետև, ոստիկանության 4 աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել։ Ի վերջո, Բելգիայի ներպետական դատական ատյանները մերժել են ոստիկանության աշխատակիցներին պատասխանատվության ենթարկելու մասին Դիմումատուի ներկայացրած բողոքը՝ վարույթ հարուցելու համար բավարար հիմքերի բացակայության հիմքով։ Հետագայում, Դիմումատուն բողոք է ներկայացրել նաև Բելգիայի Վերաքննիչ դատարան և Վճռաբեկ դատարան, սակայն, ապարդյուն։

Դիմումատուն բողոքել է, որ տեղի է ունեցել Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 3-րդ հոդվածի (խոշտանգումների արգելում) խախտում։ Դիմումատուն բողոքել է ոստիկանության աշխատակիցների կողմից վատ վերաբերմունքի արժանանալու և խոշտանգումների ենթարկվելու մասին։ Դիմումատուն նաև բողոքել է իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հետաքննության արդարացիության մասին։

Այնուամենայնիվ, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոնվենցիայի խախտում չի արձանագրել։