Սահմանադրական դատարանը 2018 թ. նոյեմբերի 6-ին ընդունել է ՍԴՈ-1434 որոշում հանրապետության նախագահի դիմումի հիման վրա.
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2018 թվականի հունվարի 17-ին։ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Սահմանադրական դատարանի մասին օրենք)` «Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղը համալրելու կարգը» վերտառությամբ 17-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող 1-ին մասը սահմանում է. «1. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրությունը կատարվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետում՝ Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով»։
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքն Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2016 թվականի դեկտեմբերի 16-ին։ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ նաև Ազգային ժողովի կանոնակարգ)` «Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը» վերտառությամբ 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը սահմանում են.
«1. Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն անցկացվում է Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալու դեպքում, ինչպես նաև Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավարտին կամ պաշտոնավարման տարիքը լրանալուն նախորդող վեց ամսվա ընթացքում»,
«3. Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի համար առաջադրումները կատարում են հաջորդաբար Հանրապետության նախագահը, դատավորների ընդհանուր ժողովը և Կառավարությունը՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ մեկամսյա ժամկետում, իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորություններն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու դեպքում՝ Սահմանադրական դատարանի նախագահի կողմից համապատասխան տեղեկությունն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում»,
«8. Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո՝ տասնօրյա ժամկետում, իրավասու մարմինը առաջադրում է նոր թեկնածու»:
Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի, 167-րդ հոդվածի 3-րդ մասի կարգավորումների համակարգային տրամաբանությունից բխում է, որ Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը ներառում է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրումը և, որպես միասնական գործընթաց, ուղղված է նույն սահմանադրական նպատակի իրականացմանը, այն է՝ Սահմանադրական դատարանի կազմավորմանը (կազմի համալրմանը), ըստ այդմ՝ նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման ապահովմանը: Հիշյալ սահմանադրական նպատակի իրականացման վերջնարդյունքը, բնականաբար, Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացման հնարավորության ստեղծումն է, որով ապահովվում է Սահմանադրության գերակայությունը:
Ինչ վերաբերում է մանրամասներ սահմանող իրավական ակտերի տեսակին և բնույթին, ապա Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված է, որ դատավորների ընտրությանը և նշանակմանը վերաբերող մանրամասները սահմանվում են սահմանադրական օրենքներով՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքով և Դատական օրենսգրքով: Հարկ է նշել, որ Սահմանադրության` «Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը» վերտառությամբ 7-րդ գլխի ընդհանուր տրամաբանությունից և, մասնավորապես, Սահմանադրության 166-րդ հոդվածից, Սահմանադրական դատարանի և այլ դատարանների սահմանադրաիրավական կարգավիճակի առանձնահատկություններից է բխում, որ Սահմանադրության 166-րդ հոդվածի 9-րդ մասով սահմանադիրը տարանջատել և Սահմանադրական դատարանի մասին օրենքին է վերապահել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության մանրամասների սահմանումը, իսկ այլ դատարանների դատավորների ընտրության և նշանակման մանրամասների սահմանումը՝ Դատական օրենսգրքի կարգավորմանը:
Ինչ վերաբերում է բովանդակային խնդրին, ապա Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը` սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց է:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ սույն գործով վիճարկվող՝ Սահմանադրական դատարանի մասին օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է Ազգային ժողովի կանոնակարգի իրավակարգավորմանը, ինչպես նաև Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը, 7-րդ մասի երկրորդ նախադասությունը և 8-րդ մասը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց են: Հիմք ընդունելով Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասության, 166-րդ հոդվածի 9-րդ մասի և 167-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջները՝ այդ դրույթները պետք է սահմանվեն Սահմանադրական դատարանի մասին օրենքով: Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 4, 5, 6-րդ մասերը և 7-րդ մասի առաջին նախադասությունը (գաղտնի քվեարկության մասով) սահմանված լինելով Ազգային ժողովի կանոնակարգով՝ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չեն, ավելին՝ դրանք Ազգային ժողովի կանոնակարգով սահմանելը բխում է Սահմանադրության 88-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի ինչպես 3-րդ մասով, այնպես էլ 8-րդ մասով նախատեսված դեպքերում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներ առաջադրելու ժամկետները չեն կարող կամայականորեն տարբերակվել միմյանցից:
Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելն օրենսդիր մարմնի իրավասության հարց է: Այդուհանդերձ, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ժամկետ սահմանելիս օրենսդրի կողմից պետք է ամրագրվի Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման ողջամիտ ժամկետ՝ Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների առաջադրման սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու նպատակով: Միևնույն ժամանակ, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված մեկամսյա ժամկետը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ: Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ Ազգային ժողովի կանոնակարգի 141-րդ հոդվածի 8-րդ մասով սահմանված տասնօրյա ժամկետն այնքանով, որքանով էականորեն տարբերվում է նույն հոդվածի 3-րդ մասով սահմանված Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մեկամսյա ժամկետից, խնդրահարույց է Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուներին ներկայացվող սահմանադրաիրավական պահանջներին բավարարող թեկնածու առաջադրելու սահմանադրական լիազորության պատշաճ իրականացումն ապահովելու տեսանկյունից:
Սահմանադրական դատարանն իր մի շարք որոշումներում (այդ թվում՝ ՍԴՈ-1081 և ՍԴՈ-1384) հստակ իրավական դիրքորոշումներ է արտահայտել կոլեգիալ մարմնի նիստերի իրավազորության վերաբերյալ, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև սույն գործով: Մասնավորապես, Սահմանադրական դատարանն ամրագրել է, որ հանրային իշխանության իրականացումն ինչպես միանձնյա, այնպես էլ կոլեգիալ սկզբունքներով սահմանադրաիրավական պայման է, որն անմիջականորեն բխում է Սահմանադրության անփոփոխելի 2-րդ հոդվածի իրավակարգավորումից և պայմանավորված է կառավարման ժողովրդավարական սկզբունքների շարունակական իրացման անհրաժեշտությամբ:
Օրենսդրական այնպիսի կարգավորումը, որով Սահմանադրական դատարանի նիստերի իրավազորությունն ապահովելու համար կսահմանվի Սահմանադրությամբ չնախատեսված թվով Սահմանադրական դատարանի դատավորների մասնակցություն, խնդրահարույց կլինի Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասի տեսանկյունից, ուստի Սահմանադրական դատարանի մասին օրենքով (կամ որևէ այլ օրենքով) չեն կարող սահմանվել Սահմանադրական դատարանի նիստերի քվորումի հատուկ կանոններ:
Սահմանադրական դատարանն օրենսդրական բացի սահմանադրականության հարցին անդրադարձել է իր մի շարք, մասնավորապես` ՍԴՈ-864, ՍԴՈ-914, ՍԴՈ-917, ՍԴՈ-922, ՍԴՈ-933, ՍԴՈ-1020, ՍԴՈ-1056, ՍԴՈ-1143, ՍԴՈ-1154, ՍԴՈ-1255 որոշումներում: Սույն գործի շրջանակներում վերահաստատելով և զարգացնելով հիշյալ որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումները, Սահմանադրական դատարանը գտնում է, որ առկա չէ օրենսդրական բաց բոլոր այն դեպքերում, երբ ենթադրյալ օրենսդրական բացին վերաբերող հարցերն ուղղակիորեն կարգավորվում են Սահմանադրությամբ:
Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության անցկացումը, ներառյալ՝ առաջադրումը, այն իրականացնող մարմինների պարտադիր, այլ ոչ թե հայեցողական սահմանադրական լիազորություններն են, որոնք Սահմանադրությամբ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելը, անկախ շարժառիթներից, կարող է խաթարել Սահմանադրության 167-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված՝ Սահմանադրական դատարանի կողմից սահմանադրական արդարադատության իրականացումը, որով ապահովվում է Սահմանադրության գերակայությունը: Սահմանադրական դատարանի կազմի համալրման, նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացման երաշխավորումը բխում է իրավական պետության հիմնարար սկզբունքներից, մասնավորապես, իրավունքի գերակայության, իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքներից, և կոչված է պաշտպանելու ողջ սահմանադրական կարգը:Վերոհիշյալ սահմանադրական նորմերի կարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ժամկետն ավարտվելու կամ պաշտոնավարման տարիքը լրանալու պահից անձը չի կարող զբաղեցնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոն, և այս առումով Սահմանադրական դատարանի մասին օրենքով որևէ բացառություն սահմանվել չի կարող:
Սահմանադրական դատարանը գտնում է, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքով Սահմանադրական դատարանի դատավորների թափուր տեղերի առկայությամբ պայմանավորված` Սահմանադրական դատարանի նիստերի քվորումի հատուկ կանոնի բացակայությունը սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չէ, բխում է Սահմանադրության 170-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջից, և այդ առումով Սահմանադրական դատարանի մասին օրենքում օրենսդրական բաց առկա չէ:
Ելնելով վերոգրյալից՝ Սահմանադրական դատարանը որոշում է․
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասն այնքանով, որքանով Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարելուց կամ դադարեցվելուց հետո թափուր տեղում նոր դատավորի ընտրության ժամկետի սահմանումը վերապահում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորմանը՝ ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 8-րդ մասերը ճանաչել Սահմանադրության 103-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ նախադասությանը, 166-րդ հոդվածի 9-րդ մասին և 167-րդ հոդվածի 3-րդ մասին հակասող:
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքը՝ Սահմանադրական դատարանի դատավոր չընտրվելու հետևանքներին վերաբերող կանոնակարգումների բացակայության մասով, համապատասխանում է Սահմանադրությանը:
Հիմք ընդունելով Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետը և 19-րդ մասը, ինչպես նաև նկատի ունենալով այն հանգամանքը, որ սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերում նշված վիճարկվող դրույթների Սահմանադրությանը հակասող ճանաչելն անխուսափելիորեն կառաջացնի խոչընդոտներ Սահմանադրական դատարանի կազմի համալրման, ըստ այդմ, նրա բնականոն գործունեության և սահմանադրական լիազորությունների պատշաճ իրականացումն ապահովելու համար, որոնցով կխաթարվի վերոհիշյալ դրույթների վերացմամբ հաստատվելիք իրավական անվտանգությունը՝ սույն որոշմամբ Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2019 թվականի ապրիլի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի իրավակարգավորումները համապատասխանեցնելու սույն որոշման պահանջներին: Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։