Սահմանադրագետ Անահիտ Մանասյանը միջազգային գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմում է

Հեղինակավոր «Studia Politologiczne» միջազգային գիտական հանդեսի խմբագրական խորհրդի կազմը համալրել է սահմանադրագետ Անահիտ Մանասյանը: «Studia Politologiczne» («Քաղաքագիտական հետազոտություններ») միջազգային գիտական հանդեսը հրապարակում է Վարշավայի համալսարանի քաղաքագիտության ինստիտուտը դեռևս
1996թ.-ից: Վերջինս քաղաքագիտության և իրավունքի ոլորտում միջդիսցիպլինար գիտական հետազոտություններ ընդգրկող լավագույն միջազգային գիտական հրատարակություններից է: Այն ներկայացնում է տարբեր երկրների քաղաքականությանը, քաղաքական գործընթացներին և սահմանադրական համակարգերին առնչվող գիտական հոդվածներ: 2020թ. հունվարից նշված գիտական հանդեսի խմբագրական խորհրդի անդամ է դարձել նաև ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբոինի դոցենտ, իրավաբանական գիտությունների թեկնածու Անահիտ Մանասյանը:

Ամսագրի շրջանակներում փորձառության վերաբերյալ Ա.Մանասյանը նշում է, որ համագործակցության նախապատմությունը շատ հետաքրքիր է եղել:
«2013թ.-ին գիտական ամսագրի խմբագրությունից հրավեր ստացա՝ հոդված նախապատրաստելու Սահմանադրական դատարանի որոշումներին առնչվող առանձին խնդրահարույց հարցադրումների առնչությամբ (Գիտական հանդեսի խմբագրությունը ծանոթ էր այդ թեմային առնչվող իմ մի քանի գիտական հետազոտություններին): 2014թ.-ին ներկայացրածս հոդվածը տպագրվեց ամսագրում: Այնուհետև պարբերաբար հոդվածներ եմ հրատարակել նշված ամսագրում, որոնցից առանձնահատուկ հիշատակման են արժանի քաղաքագիտության և իրավունքի բնագավառում կատարածս միջդիսցիպլինար հետազոտություններն ու նախապատրաստած աշխատանքները՝ օրինակ՝ ընթացիկ քաղաքականությունից սահմանադրական քաղաքականության տարանջատման, Հայաստանում երկբևեռ քաղաքական համակարգի ձևավորման ու զարգացման և այլ հարցադրումներին վերաբերող»,-պատմում է երիտասարդ գիտնականը:

Նկատի ունենալով սահմանադրագիտության և քաղաքագիտության բնագավառում իրականացրածս գիտական գործունեությունը՝ 2020թ. հունվարին միջազգային գիտական հանդեսի խմբագրակազմի քարտուղարությունից Անահիտ Մանասյանը առաջարկ է ստացել՝ դառնալու նշված հանդեսի խմբագրական խորհրդի անդամ:


«Ինձ համար մեծ պատիվ է ինչպես նշված առաջարկը, այնպես էլ նման հեղինակավոր գիտական հանդեսի խմբագրական խորհդրի կազմում գործունեության ծավալումը», ասում է Ա. Մանասյանը:

Խմբագրական խորհրդի անդամի կարգավիճակում գործունեությունը ենթադրում է հրատարակման համար ներկայացված հոդվածներին ծանոթացում, այնուհետև խորհրդի՝ որպես կոլեգիալ մարմնի կողմից, դրանց տպագրության երաշխավորում:

Մեկնաբանություններ